Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստանյան «Զվեզդա» պետական հեռուստաալիքի մեկնաբանը օրերս անդրադարձել է Հայաստանում իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի խորհրդանիշին, կարծիք հայտնելով, որ այն հիշեցնում է Երրորդ Ռայխի զինանշանը: Այնուհետեւ տիկինը կրկնել է Ռուսաստանում վերջերս բավականին հաճախ հնչող պնդումը, թե Գարեգին Նժդեհը (որը ՀՀԿ-ի համար մոտավորապես նույնն է, ինչ Լենինը՝ կոմունիստների համար) իրականում ֆաշիստ էր:

Ինչ մնում է արծիվներին, ապա դրանք կան մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խորհրդանիշներում, այդ թվում՝ Ռուսաստանի զինանշանում: Ինչ մնում է Նժդեհին, ապա պետք է հստակեցնել, թե ինչ նկատի ունեն՝ նրան «ֆաշիստ» անվանելով: Չգիտեմ, թե որքանով է մեկնաբան տիկինն արտահայտում պաշտոնական տեսակետը: Դատելով նրանից, որ նրա «վերլուծությունը» «Զվեզդան» իր կայքից, որքան հասկանում եմ, ջնջել է՝ ոչ այնքան:

Չնայած տեսագրությունը համացանցում, իհարկե, պահպանվել է: Դա այնքան էլ կարեւոր չէ՝ այլ երկրի մեկնաբանը պաշտոնական, կիսապաշտոնական կամ անպաշտոն կարծիք է հայտնել, որը կարելի է ընդունել ի գիտություն, բայց շարժվել սեփական օրակարգով՝ այդ թվում ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու հարցում:

Ինձ համար, ինչպես եւ, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիների մեծ մասի համար, Գարեգին Նժդեհը ազգային հերոս է, ազատագրական պայքարի նվիրյալ, որի շնորհիվ թուրք-ադրբեջանական զինյալները չեն կարողացել տիրանալ Սյունիքին: Նժդեհի քաղաքական հայացքները, ասույթները, հոդվածները, իմ տպավորությամբ, կուռ համակարգային միասնություն չեն կազմում եւ հետաքրքրություն են ներկայացնում միայն պատմաբանների համար:

«Նժդեհականությունը» սարքել մարքսիզմ-լենինիզմի նման մի բան, ժամանակավրեպ եւ անիմաստ գործ է: Ընդունելով հերոսին, նրա սխրանքները՝ բացարձակապես պարտադիր չէ ընդունել նրա խառը, հակասական մտքերը, առավել եւս՝ դարձնել դա գաղափարախոսություն:

Ոչ մեկը, ենթադրում եմ, չի կասկածում, որ Չարենցը հանճարեղ բանաստեղծ է, եւ դրան ամենեւին չեն խանգարում նրա բոլշեւիկյան հայացքները: Չի կարող այսօր լինել ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ, առավել եւս, «իշխող» գաղափարախոսություն: …Եվ վերջապես, ՀՀԿ անդամների 90 տոկոսին Նժդեհը բացարձակապես չի հետաքրքրում: Նրանցից շատերը եղել են, իսկ մեծամասնությունը պատրաստ է լինել ցանկացած այլ կուսակցության անդամ՝ միայն թե կարողանան տեր կանգնել իրենց փողին եւ պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ