«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «2013 թվականին Պորոշենկոյի կազմակերպած «Եվրամայդանը» (եթե խորը մտածենք, որքա՛ն հակասական անվանում է) հաջողությամբ պսակվեց, Սաակաշվիլիի այս օրերին ձեռնարկածը, իմ կարծիքով, հաղթելու քիչ շանս ունի: Եվ պատճառն այն չէ, որ Ուկրաինայի ներկայիս նախագահն ավելի պարկեշտ մարդ է կամ ավելի բոցավառ հեղափոխական է, քան Վրաստանի նախկին ղեկավարը: Ինձ թվում է՝ հակառակը:
Եվ, ի դեպ, անվիճելի են Սաակաշվիլիի ծառայությունները իր հայրենիքի՝ Վրաստանի առջեւ՝ այդ գործչի բոլոր թերություններով հանդերձ: Խնդիրը, կարծում եմ, քաղաքական օրակարգի առկայությունն ու բացակայությունն է: Եվրոպական ընտանիքին ինտեգրումը քաղաքական օրակարգ է, որը 2013 թվականին պաշտպանում էին ուկրաինական հասարակության բազմաթիվ խմբեր` միջին խավը, բյուրոկրատիան, մտավորականությունը, երիտասարդությունը, ազգայնական շրջանակները, որոնք Ուկրաինայի որոշ հատվածներում բավականին ազդեցիկ են: Թե ինչ եղավ Պորոշենկոյի՝ իշխանության գալուց հետո՝ այլ հարց է, դա առանձին թեմա է:
Բայց, ինչպես եւ մեզ մոտ, այնպես էլ Ուկրաինայում, չարացած լյումպենների ատելությունը թալանչի իշխանությունների նկատմամբ, նրանցից ազատվելու ցանկությունը, ջարդել-փշրելու ձգտումը օրակարգ չեն, դրանք էմոցիաներ են, որոնց քաղաքական նշանակությունը հավասարազոր է համացանցային թունոտ գրառումներին: Քաղաքական պոպուլիզմի (բայց ոչ օրակարգի) գլխավոր գործիքն է կոռուպցիայի դեմ պայքարը: «Դուք աղքատ եք, նրանք հարուստ են, որովհետեւ կերել են ձեր փողերը»՝ էլ ո՞ր թեզն է, որ ավելի հոգեհարազատ է լյումպենի սրտին: Սաակաշվիլին այդ դերը խաղում է իրեն հատուկ արտիստիզմով եւ փորձված, մշակված հնարքներով: Ամեն ինչ այս առումով հրաշալի է, բայց եթե պայքարին չեն միանում հասարակության ակտիվ, ինչպես ասում են՝ «պասիոնար» շերտերը, հեղափոխական շոգեքարշի ամբողջ էներգիան կարտահայտվի զիլ սուլոցի մեջ:
Արեւմուտքն ակնհայտորեն դժգոհ է Պորոշենկոյից (որը, ինչպես պարզվեց, սովորական հետխորհրդային օլիգարխ է) եւ ձգտում է «շողուլի» բերել Ուկրաինան: Սաակաշվիլին ինչ-որ չափով կարող է այդ գործընթացներում կատալիզատորի դեր խաղալ: Բայց Ուկրաինան Վրաստան չէ՝ տարբեր են մասշտաբները, տարբեր է խնդիրների բարդությունը, տարբեր է, ի վերջո, այդ երկու երկրների նշանակությունը Ռուսաստանի եւ Արեւմուտքի համար: Այնպես որ, դժվար է ակնկալել, որ այդ երկրում արագ դրական փոփոխություններ կլինեն՝ չնսեմացնելով, իհարկե, այն, ինչ արվել է վերջին տարիներին: Իսկ թոշակառուներով եւ գործազուրկներով հեղափոխություն դժվար թե հաջողվի անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում