Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Սոչիում ապրող գործարար Ռոբերտ Թաթուլյանի (Ռոբսոնի) մասին ես առաջին անգամ կարդացի անցած տարի, երբ լուր տարածվեց, որ նրան ձերբակալել են Պրահայում «օրենքով գողերի» հավաքի ժամանակ: Հետո այդ լուրը հերքվեց, բայց, բնականաբար, հայաստանցի լրագրողները սկսեցին հետաքրքրվել այդ անձնավորությամբ: Google-ի որոնողական համակարգը բերում է տեղեկություններ, որտեղ Թաթուլյանին անվանում են «քրեական հեղինակություն», «Դեդ Հասանի նշանակած», նրա անունը կապում են այն երեւույթների հետ, որոնք ռուսերեն կոչվում են «նայեզդ» եւ «ռազբորկա»: Բացի այդ, Թաթուլյանն ընկավ ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն ինքնին մարդուն վատ չի բնութագրում, պարզապես եւս մի մանրամասն է այդ գործչի դիմանկարում:

Անձամբ ինձ համար չափանիշ են ոչ այնքան հրապարակումները՝ ի վերջո հնարավոր է մոգոնել ցանկացած տեղեկատվություն, «թխել» ցանկացած հոդված: Ինձ համար չափանիշ է այն, թե ինչպես, ինչպիսի բառապաշարով է մարդը ձեւակերպում իր մտքերը, ինչպես է նա խոսում իր մասին:

Այդ նպատակով դիտեցի նրա հարցազրույցը «Բլոգ Սոչիին»: Նախ՝ աչքի է զարնում Ռոբսոնի տան ներքին հարդարանքը՝ ոսկեզօծ «թագավորական» աթոռներով, որոնք ճաշակի եւ «չտեսության» մակարդակի հստակ ցուցիչներ են: Իսկ խոսքը…

Դե պատկերացրեք, որ մեր գործարար պատգամավորները կամ գեներալները խոսեին ռուսերեն եւ պատմեին բացառապես այն մասին, թե նրանք «ինշշշ տղերք են»: Եթե պատկերացրեցիք, ապա կհասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում Թաթուլյանն իր մտահորիզոնով եւ աշխարհընկալմամբ:

Բայց, ի վերջո, եթե մարդը «գողական» է, «բլատնոյ» է, ապրում է ռուսաստանյան բիզնեսի «տայգայի» օրենքներով, դա իր եւ իր համաքաղաքացիների գործն է: Մեզ դա հետաքրքրում էր այնքանով, որ այդ անձնավորությունն իր «սեւ ջիպավոր» շքախմբով «ֆռֆռում էր» հայաստանյան դիվանագիտական համարներով, որովհետեւ, պարզվում է՝ Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն էր:

Թե ինչ խորհուրդներ էր Ռոբսոնը տալիս Էդվարդ Նալբանդյանին՝ կդժվարանամ ասել, բայց պարզ է, որ այդ նախարարությունը, ինչպես նաեւ բոլոր մնացած պետական գերատեսչությունները պետք է ավելի բծախնդիր լինեն խորհրդականներ նշանակելիս, որպեսզի նման մարդիկ մեր պետությունը չվարկաբեկեն՝ առավել եւս Հայաստանի սահմաններից դուրս: Մեզ մեր պատգամավորներն ու գեներալները լիուլի հերիք են:

Այս օրերին քննարկվում էր Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածությունը (չնայած ամեն ինչ արդեն իսկ պարզ է): Իսկ ես հիշեցի Ռոբսոնին, որովհետեւ հայաստանյան «վերնախավը» հիմնականում այդպիսի «ռոբսոններից» է կազմված: Գուցե նախագահի ընտրությունը ազդարարի այդ վերնախավի փոփոխությո՞ւնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ