Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հին խորհրդային անեկդոտ: Մեկը նամակ է գրում արտասահմանում ապրող իր բարեկամին. «Այդ թանկացումների ձեռքը կրակն ենք ընկել՝ հավն արդեն արժե 5 ռուբլի»: Նամակը «հանգրվանում է» ԿԳԲ-ում, որտեղ եւ կանչում են հեղինակին՝ զգուշացնելով, որ չի կարելի նամակներ գրել, որոնք վարկաբեկում են խորհրդային կարգերը:

Մի քանի օրից նույն մարդը նամակ է գրում հետեւյալ բովանդակությամբ. «Խորհրդային երկրում ամեն ինչ էժան է: Փիղն արժե ընդամենը 3 ռուբլի, բայց ինչի՞ս է պետք փիղը, եթե ես կարող եմ ավելացնել եւս 2 ռուբլի եւ հավ գնել»:

Երբ խորհրդարանում սկսում են խոսել գներից, ես միշտ հիշում եմ այդ անեկդոտը: Մեկ էլ 1993 թվականին ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանի հարցը նախագահ Տեր-Պետրոսյանին՝ նվազագույն աշխատավարձով հնարավոր է գնել միայն երկու հավկիթ՝ բա ինչպե՞ս պիտի մարդիկ ապրեն: (Պետք է ասել, որ 25 տարի առաջ պոպուլիստները նույնքան «կրեատիվ» էին, որքան այսօր): Հիմա էլ կարելի է հարցնել՝ ձմռանը գազի եւ էլեկտրաէներգիայի համար իրար հետ մարդիկ մուծում են ամիսը 50 հազար դրամ՝ ինչպե՞ս ապրել 150 հազար դրամով:

Երբ նման հարց է բարձրացնում տաքսու վարորդը կամ թոշակառու տատիկը՝ դա նորմալ է: Երբ նույն հարցն է տալիս պատգամավորը, դա վկայում է մտածողության որոշակի մակարդակի մասին, որը հեռու է մասնագիտական որակից: Կամ էլ՝ գուցե խնդիրը ծուլությունն է: Հարցնում եմ քաղաքական գործչին՝ որքան է ազդելու դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի գնի վրա, եւ նա պատասխանում է՝ մենք պիտի ըմբոստանանք եւ թույլ չտանք, որ ազդի:

Նա այդպես է պատասխանում, որովհետեւ չի կարող կամ չի ուզում հաշվել, թե վառելիքի գինը, ասենք, լոլիկի ինքնարժեքի ո՞ր տոկոսն է կազմում: Պարզապես օդի մեջ սրտաճմլիկ բաներ ասելը հեշտ է, հարցի մեջ մի փոքր խորանալը՝ դժվար:

Բայց Հայաստանում իշխանությունները նույնպես պոպուլիստ են: Որովհետեւ՝ երբ նույն հարցը տալիս ես իշխանության ներկայացուցիչներին, նրանք ասում են՝ դիզվառելիքի գնի բարձրացումը որեւէ ձեւով չի ազդի գյուղմթերքի ինքնարժեքի վրա: Այսինքն՝ դարձյալ «օդի մեջ»: Ահա այդպես էլ անցկացնում են «խորհրդարանական լսումներ»՝ ոչ միայն իրար չլսելով, այլեւ չլսելով բանականության ձայնը:

Լսումները, որքան հասկանում եմ, պետք է տարբերվեն Ազգային ժողովի նիստերից, որտեղ, բնականաբար, խմբակցությունները պետք է հայտնեն իրենց քաղաքական դիրքորոշումը: Լսումները «ուղեղային գրոհ են», որտեղ հիմնական խոսքը պետք է ասեն մասնագետները: Իսկ երբ հարցեր են տրվում՝ «բա մարդիկ ոնց ապրեն» ոլորտից, այդ «տոնայնության» մեջ մասնագետներն անելիք չունեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ