Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ ՕԵԿ–ը ինքն իրեն վաղուց սպառել է, պարզ էր նույնիսկ այն ժամանակվանից, երբ նախորդ ԱԺ գումարման ժամանակ կուսակցությունն անցավ խորհրդարան: Ու թեև կարկառուն ՕԵԿ–ականները երկար ժամանակ հերքում էին կուսակցության անգործության մասին շրջող լուրերը, սակայն ամեն ինչ ավելի քան ակնհայտ էր՝ նրանք այլևս ոչինչ չունեն քաղաքականությանը տալու, իսկ ՕԵԿ–ի ներքևի էշելոններում ծվարած մարտիկներն էլ այլևս պետք չեն գա ո՛չ կուսակցության և ո՛չ էլ անձամբ Արթուր Բաղդասարյանի ամբիցիաների սպասարկման համար:

Քաղաքական էլիտ կլուբից դուրս մնալն ու գահավիժելու արագությունը դանդաղեցնելու համար ՕԵԿ–ականները նոր հնարք մտածեցին՝ համախմբել տարբեր անհայտ ու երբևէ ոչնչով աչքի չընկած ու առանձնապես լուրջ կենսագրություն չունեցող կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին: Համախմբեց, անունը փոխեց ու, այսպես ասած, ռեբրենդինգ եղած՝ սկսեց ներկայանալ հասարակությանը: Եվ ողջ այդ ընթացքը զուգորդվում է նորացված ՕԵԿ–ի սահմանների ու աշխարհագրության ընդլայնմամբ, բայց շատ չանցած, դեռ 2017–ի ԱԺ ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած` սկսվեց նոր ստեղծված բուրգի փլուզումը: Դրան հաջորդեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեների աննախադեպ ցածր ցուցանիշով պատգամավորական աթոռներից զրկվելու «գույժը»:

Ու այդ օրվանից ո՛չ ռեբրենդինգ եղած ՕԵԿ–ն ասպարեզում կա, ո՛չ էլ կուսակցության հայտնի դեմքերը, իսկ հիմա էլ, պարզվում է, որ կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն ինչպես խումբ–խումբ մտել էին ՕԵԿ–ի հովանոցի տակ, նույն ձևով՝ խումբ–խումբ որոշել են լքել կառույցը:

Այսինքն, երկու տարի առաջ հիմնադրված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը 8 կուսակցության միավորումից առաջացավ, դրանցից 5–ն արդեն լքել են այն: Խոսքը «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Ազգային արժեքների պաշտպանություն» և Լիբերալ Ժողովրդական կուսակցությունների մասին է, որոնք օրեր առաջ են նման որոշում կայացրել ու հայտարարել առանձնանալուց հետո նոր կուսակցություն հիմնելու մասին:

«Փաստը» «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար Վաչագան Չիբուխչյանի հետ փորձեց զրուցել, սակայն նա ասաց, որ հիվանդ է և մեր հարցերին պատասխանել չի կարող:

Մյուս կուսակցությունների հետ կապ հաստատել նույնպես չհաջողվեց: «Միավորված հայեր» կուսակցությունում հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության տվյալներն անգամ տեղեկատվական համակարգերում չէին պահպանվել: Բայց հաջողվեց պարզել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջնորդ Անահիտ Եղոյանը ՀԱԿ համամասնական 119 հոգանոց ցուցակի 36–րդ համարն է զբաղեցրել:

ՕԵԿ–ից «պոկված» հաջորդ՝ «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության մասին էլ տեղեկություն փնտրելիս ոչինչ չգտանք: Նրանք անգամ ՀԱԿ–ի 2012 թվականի համամասնական ցուցակում չկային:

Այն, որ այս կուսակցությունների մասին գիտեն շատ քչերը, պարզ է, պարզ է նաև այն, որ ինչպես միավորվել էին ՕԵԿ–ի հետ, այդպես էլ առանձնացան, իսկ հայտարարությունը, թե պատրաստվում են միավորվել ու նոր կուսակցություն հիմնել, հույս է ներշնչում, որ այնուամենայնիվ քաղաքական կյանքը Հայաստանում վերջնականապես չի մեռել, բայց հաջորդ պահին, անկախ ամեն ինչից, ցանկություն է առաջացնում մի անմեղ հարց հնչեցնել՝ ախր միավորվում եք, որ ի՞նչ անեք, ճահիճի մեջ մի նոր քար ավելացնե՞ք:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ