Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Օգոստոս 21
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում դատապարտյալներին ներում շնորհելու՝ «Ներման մասին» նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնում, թե ինչու է ներման իրավունքը նախագահից վերցվում եւ տրվում վարչապետին: Պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը զարմացած էր, թե ինչու է ներում շնորհելու իրավունքը, որը, ըստ էության, մարդասիրական քայլ է, վերցվում նախագահից։

Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով էլ, եթե ներելու իրավունքից էլ են զրկում նախագահին, գուցե նախագահի ինստիտուտը իսպառ հանեին Սահմանադրությունից, նրա իմաստը ո՞րն է: Ըստ Մարուքյանի՝ նախագահի ինստիտուտը համալիր նսեմացման են տանում: Բացի այդ, Մարուքյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ ներման հրամանագրերը դառնան հրապարակային։ Հասարակությունը պետք է իմանա՝ ում եւ ինչու են ներում: Արդարադատության փոխնախարարի խոսքերով՝ ներման ենթակա դատապարտյալների ցուցակը, օրինակ, Բելգիայում չեն հրապարակում, որ չկաշկանդեն նախագահին: Ի պատասխան, Էդմոն Մարուքյանը հակադարձեց, ասելով. «Բելգիայում չեն ասում դապապարտյալին՝ դու դատվելուց հետո կներվես, եթե ձայն ես բերել իշխանության համար»:

Հայտնի փաստաբան Հայկ Ալումյանը զարմանում է, որ պատգամավորները մի քանի օր է Ազգային ժողովում քննարկում են, թե ում պետք է վերապահվի ներման իրավունք շնորհելը։ «Այդ ներման ինստիտուտը այնքան ստվերային, աղավաղված, անհասկանալի եւ գործողության մեջ այնքան արատավորված ու վարկաբեկված է, որ հիմա մարդկանց գերակշռող մեծամասնության, փաստաբանների ու իրավապաշտպանների համար ոչ մի տարբերություն չկա, թե այդ անվերահսկելի լծակը նախագահի ձեռքում կհայտնվի, վարչապետի ձեռքում, թե մեկ ուրիշի»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ալումյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս, առանց այդ էլ չգիտեր, չէր հասկանում՝ ինչ չափանիշներով էր ներումները շնորհվում, երբ են շնորհվում, ում է մինչեւ հիմա շնորհվել ներում։ «Ամբողջությամբ ստվերի մեջ է այդ ինստիտուտը, կամայականությունների դաշտում, անվերահսկելի, կոռուպցիոն ռիսկերով հարուստ ոլորտ է։ Իմ կարծիքով՝ հիմա, բացի այս երկու ինստիտուտներից՝ նախագահի եւ վարչապետի, ովքեր հիմա փորձելու են քաշքշել իրարից այդ լծակը, մնացած ոչ մեկին այլեւս չի հետաքրքրում, թե ով է ներում շնորհողը այդ երկուսից»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ հիմա ում է հետաքրքիր, թե Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդուն, ով որ սպանության համար դատապարտվել էր եւ 5 տարի հետո, անհասկանալի պատճառներով ներում ստացավ. նրան ով ներում շնորհեց՝ վարչապե՞տը, թե՞ հանրապետության նախագահը։

«Մարդկանց միայն հետաքրքրում է, թե ինչու ներեցին, ինչու հատկապես նրան ներեցին։ Առավել կարեւոր է ինստիտուտի գործունեությունը, ներման չափանիշները, ներման ենթակա անձանց ցուցակը հրապարակային դարձնելը։ Հակառակ դեպքում, ներկայիս վեճը այդ անհասկանալի, կոռուպցիայով հարուստ ոլորտը իրարից խլելու գործընթաց է գնում, որտեղ ոչ ինձ, ոչ ձեր, ոչ էլ հանրապետության 3 միլիոն բնակչությունից 2 միլիոն 990 հազարին հետաքրքրող ոչ մի բան չկա»,- ընդգծեց Ալումյանը՝ հավելելով. «Ներում ստացած անձանց մասնավոր օրինակներ գիտենք, բայց փորձեք դիմել եւ ստանալ այս տարիներին ներված անձանց ցուցակը. ձեզ ոչինչ չեն տա։ Դրա համար էլ կրկնում եմ՝ ձեզ, հարգելի պատգամավորներին, պետք է հետաքրքրի ներում ստացած անձանց ցուցակը, ներման չափանիշները։

Փոխանակ պատգամավորները դրա շուրջ կռվեն, կռվում են, թե այդ լիազորությունը վարչապետին պետք է վերապահվի, թե նախագահին։ Դա ձեր կռիվը չի, հարգելի պատգամավորներ։ Դա բացառապես այդ երկու սուբյեկտի կռիվն է, թող իրենք էլ կռվեն իրար հետ։ Մեր կռիվը պետք է լինի այն, որ այդ գործընթացը լինի թափանցիկ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Partner news