Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի եւ եկամուտների հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզվում է, որ պաշտոնյաներից շատերն օրենքի խախտմամբ են ներկայացրել իրենց հայտարարագրերը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջն է՝ ներկայացնել ոչ միայն տարեկան, այլ նաեւ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի գույքի եւ եկամուտների հայտարարագիր: Մասնավորապես՝ ՄԹ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանձնաժողով չի ներկայացրել իր 2013 թ. տարեկան հայտարարագիրը, այլ միայն պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ինչի կապակցությամբ քաղհասարակության ներկայացուցիչներն օրերս իրենց մտահոգությունն էին հայտնել:

Նկատենք, որ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը հանձնաժողով է ներկայացրել միայն տարեկան հայտարարագրերը:

Նա պաշտոնավարում է՝ սկսած 2010 թվականից, սակայն հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագրերը միայն սկսած 2014 թվականից: Դատելով դրանցից՝ Լ. Սարգսյանն ու նրան փոխկապակցված անձինք միայն աշխատավարձով են ապրում:

Նա 2014-ի հայտարարագրում ներկայացրել է միայն երկու տեղից ստացված եկամուտը՝ աշխատավարձի տեսքով՝ 4 մլն 758 հազար 372 եւ 2 մլն 487 հազար 589 դրամ: 2015-ին Սարգսյանը դարձյալ միայն աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ է հայտարարագրել, որոնք ստացվել են երկու տարբեր տեղերից՝ 6 մլն 760 հազար 560 եւ 2 մլն 110 հազար 115 դրամ:

2016 թվականին նրա եկամուտներն աճել են՝ կազմելով 7 մլն 507 հազար 947 եւ 2 մլն 637 հազար 294 դրամ, որոնք գոյացել են դարձյալ աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Նրա կինը՝ Արմինե Գումեդինի Հարությունյանը, նույնպես հայտարարագրել է աշխատավարձը, որը երեք տարվա կտրվածքով նույնն է՝ 2 մլն 300 հազար դրամ:

Նշենք, որ Ա. Հարությունյանը 1997-ից Մ. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում է աշխատում՝ բժիշկ-ակնաբույժ է: 2011-ից էլ աշխատում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աչքի հիվանդությունների ամբիոնում՝ որպես դասախոս, ՀՀ ակնաբուժական ասոցիացիայի անդամ է:

Լ. Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, որպես փոխկապակցված անձ, որեւէ գույք եւ դրամական միջոց չի հայտարարագրել, միայն «այլ եկամուտ» 291,000.00 դրամ, սակայն, թե ինչ աղբյուրից է ստացվել եկամուտը՝ պաշտպանված է: 2016-ին Անի Սարգսյանը, որպես «այլ եկամուտ», հայտարարագրել է ընդամենը 60 հազար դրամ:

Նշենք, որ Լ. Սարգսյանը ՀՀ ԱԳՆ- ում է աշխատում՝ սկսած 1993-ից: Նա եղել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, տարբեր տարիների զբաղեցրել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, Թունիսում եւ Ալժիրում: Նա «Փյունիկ» հիմնադրամի հոգա¬բարձուների խորհրդի նախագահն է, հիմնադրամի գործադիր տնօրենը, կառույց, որը միլիոնավոր դոլարների հետ գործ ունի:

Նկատենք, որ Լեւոն Սարգսյանը միակ դեսպանը չէ, որ խուսափել է պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքն ու եկամուտները հայտարարագրելուց: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նույնպես չի հայտարարագրել պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքն ու ունեցվածքը:

Իսկ ահա Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիզոր դեսպան Շառլ Վաղինակ Միքայելի Ազնավուրը, որը դեսպանի պաշտոնն ստանձնել է 2009-ի մայիսի 5-ից, հանձնաժողով ընդհանրապես չի ներկայացրել եւ ոչ մի հայտարարագիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ