Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կես ժամ անց տաքսու վարորդն իր հեռախոսով ինձ ցույց էր տալիս միջադեպի տեսագրությունը՝ ՀՀԿ-ականների հասցեին համապատասխան մեկնաբանություններով: Խոսքս տվյալ դեպքում այն մասին չէ, որ մեր քաղաքացիները 25 (եթե ոչ ավելի) տարիների ընթացքում ձեւավորել են որոշակի կարծրատիպեր եւ պատրաստ են ընկալել միայն այն տեղեկատվությունը, որը հաստատում եւ ամրապնդում է այդ կարծրատիպերը:

Խոսքն այս պարագայում տեղեկատվության մատչելիության եւ արագ տարածման մասին է, որը, ինձ թվում է, մեր կյանքում տեկտոնիկ փոփոխությունների սկիզբն է: Այդ սրընթաց զարգացումները պետք է հաշվի առնեն բոլորը: Մարդը, որը իրադարձությունից րոպեներ անց տեղեկացել է իրեն հետաքրքրող իրադարձության մասին, երեկոյան չի գնա տուն, միացնի հեռուստացույցը եւ նայի, թե ում է ընդունել նախագահը, եւ ինչ խորհրդակցություն է անցկացրել վարչապետը:

Նա, ըստ ամենայնի, կգնա տուն եւ նույն հեռախոսով կամ համակարգչով կփնտրի նույն ծեծկռտուքի այլ կետերից նկարահանված տեսագրությունները, ինչպես նաեւ գուցե կփնտրի տեսակետներ, որոնք հաստատում են իր՝ տարիներով ձեւավորված ընկալումները:

Խորհրդարանում, ավագանիում եւ ամենակարեւորը՝ ընտրությունների ժամանակ եղանակ ստեղծող «գողականներն» ու «կիսագողականները» նույնպես այդ ամենը պետք է հաշվի առնեն: Հիշո՞ւմ եք, վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը սպառնացել էր «Առավոտի» կին լրագրողին՝ որ «մռութը ջարդի»: Ոստիկանությունն, իհարկե, կոծկել էր այդ գործը, եւ սույն անձնավորությունը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել:

Բայց Արայիկը պետք է իմանա, որ տեսագրությունը կա, այն պահպանվելու է հավերժ եւ հասնելու է նրա երեխաներին, թոռներին ու ծոռներին: Ճիշտ նույն ձեւով ավագանու գողական (կամ կիսագողական) անդամները, որոնք վեց հոգով հարձակվել էին մի կնոջ վրա, անկախ նրանից, թե ինչպիսին է այդ կնոջ վարքը, պետք է գիտակցեն, որ նրանց ամեն շարժում արձանագրված է տեսագրության մեջ ու հասանելի է հարյուր հազարավոր մարդկանց:

Պարզ է, որ, հաշվի առնելով մեր իրավապահ համակարգի «առանձնահատկությունները», ավագանու հիշյալ անդամներին նույնպես կհաջողվի խուսափել պատասխանատվությունից: Բայց նոր՝ թվային դարաշրջանը նրանց ոչ մի հնարավորություն չի տալիս թաքցնելու իրենց դաստիարակության եւ ինտելեկտի, մեղմ ասած, արատները: Եվ դրանց մասին նույնպես կիմանան հաջորդ սերունդները, որքան էլ փորձեն լրագրողների աշխատանքը «կանոնակարգել»:

Իդեալական տարբերակն, իհարկե, այն է, որ այդ մարդիկ նստեն: Բայց եթե նույնիսկ չնստեն, միեւնույն է՝ նրանք կամ նրանց նմանները պետք է որ հասկանան, որ իրենց դաստիարակության ու կրթության առանձնահատկություններն ամեն ժամ եւ ամեն րոպե հայտնվում են տեսանյութերում: Այդպիսին է ներկայիս ժամանակահատվածի առանձնահատկությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ