Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, հայտարարել է Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ հանրահավաքային շարժում ծավալելու մտադրության մասին, որի «ճանապարհային քարտեզը» կներկայացնի մարտի 31-ին: ՔՊ-ն, փաստորեն, չստանալով «Ելք»-ի մյուս երկու ուժերի հավանությունը, հայտարարում է իր «ճանապարհային քարտեզի» մասին: Ընդ որում՝ այդ մասին հայտարարվում է Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց, որը դե ֆակտո Սարգսյանի վարչապետության մասին էր:

Այդպիսով, նախ գուցե հնարավոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր մասով մերժում է երիտասարդ լիդերների վերաբերյալ Սերժ Սարգսյանի անուղղակի առաջարկը, որ նա, այսպես ասած, հրապարակավ արել էր ընդհանրապես խոսելով իր վարչապետության, այսպես ասած, առանցքային նպատակի մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից, կերտել երիտասարդ լիդերներ:

Հետաքրքիր է, Սարգսյանի այդ հայտարարությանն ինչպես կվերաբերվի «Ելք»-ի մեկ այլ երիտասարդ առաջնորդ՝ Էդմոն Մարուքյանը, որը չի ուզում գնալ հրապարակ, եւ արդյոք սա արդեն իսկապե՞ս կլինի «Ելք»-ի վերջի սկիզբը կամ պարզապես վերջը:

Մյուս կողմից՝ ստացվում է հետաքրքիր իրավիճակ այն առումով, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, յուղ է լցնում այն կրակին, որ փորձում են նրա վարչապետության հեռանկարով բորբոքել հրապարակում գործողություն պլանավորող ուժերը: Ըստ էության, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը արդարացնում է նրանց, այսպես ասած, մտահոգությունը, թեեւ հասկանալի է, որ նրա վարչապետությունն, ըստ էության, կախված չէր հրապարակից, եւ վաղ թե ուշ այդ մասին պետք է հայտարարվեր:

Սակայն խնդիրն այն է, որ հայտարարելով, ըստ էության, հիմա, Սերժ Սարգսյանը կարծեք թե նպաստում է, որ մարդիկ ավելի շատ գնան հրապարակ: Ի՞նչ հաշվարկ է դա, եւ Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք հրապարակի մարդաշատությունը: Մյուս կողմից, իսկ հրապարակը լինելո՞ւ է մարդաշատ, թե՞ հակառակը, եւ Սարգսյանը հենց այդ նկատառումով իսկ փորձում է իրավիճակը որոշակիացնել օր առաջ՝ այդպիսով հրապարակում պրոցեսներ խթանելու եւ ըստ այդմ՝ նաեւ փողոցում լեգիտիմություն ստանալու համար, որովհետեւ փոքրաթիվ հրապարակը ուղղակի կնշանակի, որ հանրության մեծամասնությունը դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը:

Համենայնդեպս, այստեղ առանցքային է դառնում հրապարակի ուժերի պահվածքը, թե ինչ կհայտարարեն նրանք, եթե հանրությունը դուրս չգա, այսպես ասած, կրիտիկական զանգվածով: Նրանք կհայտարարե՞ն, որ իրենք չգտնվեցին բավականաչափ համոզիչ, կրեատիվ կամ հաշվարկի եւ քաղաքական օրակարգի մշակման առումով ռացիոնալ, թե՞ կասեն, որ իրենք արեցին իրենցից հասանելիքը, բայց հասարակությունը մնաց տանը եւ հետեւաբար արժանի է այս իշխանությանը, ինչը թարգմանաբար կնշանակի, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ է, եւ ընդդիմությունը հրապարակում չլուծեց այլ հարց, դրանից բացի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ