Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեւանում՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում, երեկ հնչած կրակոցներն առանց վարանելու կարելի է որակել վենդետայի հերթական դրսեւորում: 2017 թ. հունվարի 7-ին սպանվել էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը:

Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը, ում դատավարությունն էր երեկ: Եվ ահա մինչ դատը սկսվելը մեղադրյալի ու սպանվածի հարազատների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որեւէ զոհ չի եղել, այլ միայն մեկ հոգի է վիրավորվել: Պետք է արձանագրենք, որ սա վենդետայի հերթական դրսեւորումն է. նախորդ տարի կրակոցներ էին հնչել նաեւ Երեւանում` Վերնիսաժին հարող տարածքում. այն ժամանակ էլ ալավերդցի քրեական հեղինակություններն էին որոշել իրենց հին հարցերը լուծել զենքով:

Նման դեպքեր եղել են նաեւ ավելի վաղ ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մյուս բնակավայրերում: Երեկ տեղի ունեցածը հերթական ահազանգն է այն բանի, որ իրավապահ համակարգը շատ անելիքներ ունի կանխարգելիչ գործողություններ իրականացնելու եւ արյունահեղությունները բացառելու ուղղությամբ: Իսկ այդ հարցում առաջնահերթ քայլերից մեկն էլ կարող է լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը:

Համաձայնեք, ՀՀ ոստիկանապետ Օսիպյանն ու ԱԱԾ պետ Վանեցյանն ի պաշտոնե գիտեն կամ կարող են իմանալ, թե որ պաշտոնյաների, պատգամավորների, օլիգարխների, քրեական ու թաղային հեղինակությունների, նրանց մերձավոր ազգականների մոտ կա ապօրինի զենք-զինամթերք: Այնպես որ հիմա իրավապահների առաջնահերթ պարտականություններից մեկը պետք է լինի ապօրինի զենքերը հայտնաբերելն ու առգրավելը:

Այս հարցում իր անելիքն ունի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ի վերջո ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր ենթակայության ներքո են գործում, հետեւաբար ինքը կարող է խիստ հրահանգ իջեցնել` հետեւելով հանձնարարությունների կատարման ընթացքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ