Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից արձագանքել է ԱԺ-ում հնչած հայտարարություններին. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» մեկնաբանել են  ԱԺ-ում  հնչած հայտարարությունները՝ 40 մլն տոննա մետաղական հանքանյութի արդյունահանման, կոմբինատի տեխնիկայի շարժի եւ աշխատուժը այլ երկրներ գործուղելու մասին:

Պարզաբանման մեջ, ի թիվս այլ դիտարկումների, նշված է. «Հարկ ենք համարում նշել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը անշեղորեն ծավալում է օրենքի տառին եւ միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեություն: Ինչ վերաբերվում է արտադրական ցուցանիշներին, ապա վերամշակված հանքաքարի ծավալը 2017 թվականին կազմել է 18.864.000 տոննա, այնպես որ անհասկանալի է, թե ինչ 40 մլն տոննայի մասին է խոսքը եւ որտեղից է առհասարակ առաջացել այդ թիվը:

Անդրադառնալով ընկերության աշխատակիցների գործուղմանը՝ հարկ ենք համարում հայտնել՝ ԶՊՄԿ հիմնական բաժնետեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը գրեթե բոլոր մայրցամաքներում ունի տնտեսական ծրագրեր, դուստր ընկերություններ եւ ներկայացուցչություններ: Ընկերության սեփականությունը հանդիսացող տեխնիկայի շարժը եւ աշխատակիցների գործուղումներն այլ երկներ իրականցվում են օրենքով սահմանված կարգով՝ աշխատանքային պայմանագրերում ամրագրված դրույթների եւ անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ: 

Ի գիտություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեությամբ հետաքրքրվողների, հայտնում ենք, որ ընկերության բաժնետերերն արդեն չորս տարի է՝ ընկերության գործունեությունից շահութ չեն ստանում։ Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ ընկերության որդեգրած քաղաքականության մեջ որպես առաջնահերթություն սահմանված է կապիտալ ներդրումների, սոցիալական ծրագրերի իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը: Եվ առկա իրողության պայմաններում առնվազն բարոյական չէ գերշահույթի եւ կապիտալի արտահոսքի մասին խոսելը:

Բացի այդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում EITI ստանդարտի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) ներդրման գործընթացի առաջամարտիկն ու ակտիվ մասնակիցը:

Հուսով ենք՝ ստանդարտի ներդրման արդյունքում ձեւավորվելիք  գործիքակազմի միջոցով լրացուցիչ հնարավորություն կստեղծվի հասարակության համար մանրամասն ծանոթանալու մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների գործունեության տնտեսական ցուցանիշներին եւ ինքնուրույն գնահատելու կատարված հայտարարությունների եւ հրապարակումների ճշմարտացիությունը, նպատակները եւ շարժառիթները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ