Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «1920 թվականին բոլշեւիկյան Ռուսաստանի վարչապետ Ուլյանով-Լենինը հրապարակեց մի գիրք, որը կոչվում էր «Ձախության» մանկական հիվանդություն կոմունիզում»: Բոլշեւիկների հեղափոխությունը հաղթել էր դրանից երեք տարի առաջ, դրա առաջնորդներից մեկը ստանձնել էր պետության ղեկը եւ, բնականաբար, այլ ձեւով էր մոտենում եվրոպական կոմունիստների հեղափոխական պայքարին:

Ինչպես ասում են, իրավիճակ էր փոխվել, եւ Լենինը կոչ էր անում արեւմտյան իր համախոհներին դրսեւորել ճկունություն եւ համբերություն, գնալ մարտավարական փոխզիջումների: Հեղափոխական ծայրահեղությունները, որոնք անխուսափելի են իշխանության համար պայքարի փուլում, իշխանության գալուց հետո աստիճանաբար վերանում են:

Իշխանության եկած հեղափոխական թիմը ձերբազատվում է «ձախության մանկական հիվանդությունից», մերժողականությունից, ծայրահեղություններից եւ կյանքը կամաց-կամաց վերադառնում է բնականոն հուն: Ռուսաստանում դա տեւեց երեք տարուց ավելի, որովհետեւ հեղափոխությունը կատաղի դիմադրության էր հանդիպել եւ, բացի այդ, իր գաղափարախոսությամբ չափազանց հեռու էր սիրուց ու համերաշխությունից:

Հայաստանում այդ «կարմրուկը» կարող է շատ ավելի կարճ տեւել, եթե մեր նոր կառավարիչները հասկանան, որ մեղմ, բարեկամական քննադատությունը բացարձակապես թշնամանքի, սաբոտաժի, ռեւանշիզմի եւ հակահեղափոխականության դրսեւորում չէ: Դա հենց աջակցության նշան է:

Եվ, այսպես՝ եթե կառավարությունը ժողովրդական է (ինչպես եւ կա), դրանից տրամաբանորեն չի բխում, որ ընդդիմությունն անպայման պետք է հակաժողովրդական լինի: Ընդդիմությունը կարող է լինել նույնքան ժողովրդական: Առայժմ որպես ընդդիմություն միայն ՀՀԿ-ն է երեւում, այդ կուսակցությունը պետք է ձերբազատվի կրիմինալից եւ շանսեր ունի դառնալու նորմալ ընդդիմություն:

Այս մեկ տարվա ընթացքում, մինչեւ ընտրությունները, ի հայտ կգան նաեւ այլ ընդդիմադիր կուսակցություններ՝ պետք չէ նրանց անմիջապես կպցնել «հակաժողովրդական» կամ «հակապետական» պիտակը: Եթե Արամ Մանուկյանի արձան տեղադրելու որոշումը կայացվել է «նախորդ ռեժիմի» ժամանակ, դրանից անմիջականորեն չի հետեւում, որ այդ արձանը չպիտի տեղադրվի:

Եթե նախորդ 25 տարում մասնավոր դպրոցներ են բացվել, պարտադիր չէ, որ դրանք բոլորը «վնասակար» լինեն: Եթե երիտասարդ մասնագետներին արտոնյալ պայմաններով բնակարան տրամադրելու ծրագիրն իրականացվում էր Հայաստանի երրորդ նախագահի նախաձեռնությամբ, դա չի նշանակում, որ այդ երիտասարդներին այլեւս պետք չէ բնակարան հատկացնել:

Եթե դպրոցներում շախմատի ուսուցումը կապվում է Ս. Սարգսյանի անվան հետ, ապա դա չի նշանակում, որ շախմատով զբաղվելը վնասակար է երեխաների մտավոր զարգացման համար: Եվ այլն: Անցումային «կարմիր» շրջանը պետք է հնարավորինս կարճ տեւի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ