Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին լուրեր են տարածվում, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը: Որոշ լուրերի համաձայն էլ՝ պաշտոնանկությունն ընդամենը ժամանակի խնդիր է: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ առողջապահության նախարարությունն իր ենթակայությամբ գործող այս հիմնարկում ուսումնասիրություններ է սկսել՝ նպատակ ունենալով պարզել, թե որքան արդյունավետ են ծախսվել 2016, 2017, 2018 թվականներին հատկացված պետական պատվերի գումարները:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի հետ մեր բլից-հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ: Մինասյանն, ի դեպ, Սերժ Սարգսյանի խնամին է, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայրը:

Պարոն Մինասյան, լուրեր են պտտվում, որ ձեզ կա՛մ ազատել են զբաղեցրած պաշտոնից, կա՛մ պատրաստվում են դա անել: Ի՞նչ կասեք այս մասին:

Այդպիսի բան չկա:

Այսինքն՝ այս պահին աշխատում եք: Իսկ պաշտոնից հեռացվելու վտանգ կա՞:

Չէ, այդպիսի խոսակցություն չկա:

Ձեր ղեկավարած բուժհաստատությունում ուսումնասիրություններ էին սկսվել: Դրանք դեռ չեն ավարտվել, ճի՞շտ է:

Ընթացքում են: Կարծեմ մինչեւ օգոստոսի 25-ը ժամկետ կա:

Լուրեր կան, որ մեկ միլիոն դրամի չարաշահում է հայտնաբերվել: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:

Ուսումնասիրությունները դեռ ընթացքում են: Առայժմ ոչ մի բան ապացուցված չէ: Տարբեր կարծիքներ կան: Իմ կարծիքով՝ այդպիսի բան չկա:

Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է, որ նայած՝ ո՞ր կողմից նայել հարցին:  

Որ կողմից էլ նայես, այդտեղ չարաշահում չկա: Ոչ էլ՝ հավելագրում: Հիվանդները եղել են, բուժվել են, գնացել են:

Նախարարը մի տեղեկանք էր հրապարակել, ըստ որի ստացվում էր՝ մեկ ամսվա մեջ միեւնույն մարդը վեց անգամ ստացել էր նույն տեսակի բուժօգնությունը (ինչի դիմաց վճարել էր պետությունը):

Եղել է այդպիսի բան: Այդ մարդը եղել է անօթեւան, եկել է, դուրս է գրվել, նորից տարբեր տեղերից իրեն շտապ օգնության մեքենայով բերել են: Վեց անգամ: Վեց անգամն էլ ոստիկան է հրավիրվել: Երբ որ ալկոհոլային թունավորմամբ են ընդունվում (ինքը անօթեւան էր, նաեւ հարբեցող), դա համարվում է դատական դեպք: Վեց անգամ եկել է ոստիկան, վեց անգամ շտապօգնության մեքենան է իրեն բերել, հետեւաբար վեց հատ հիվանդության նկարագիր պիտի բացվեր: Առաջին հայացքից սա տարօրինակ բան է, նախարարին զեկուցել են ոչ լիարժեք, բայց հետո պարզվել է ամեն ինչ, նախարարն էլ, կարծում եմ, համոզվել է, որ վեց անգամ ոստիկանը չէր կարող հենց այնպես գալ ու վեց անգամ շտապ օգնության մեքենան հենց այնպես չէր բերի այդ մարդուն: Տարբեր հասցեներից բերել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ