Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Անցած շաբաթ կրկին ակտիվացել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ընդդիմախոսները՝ նրանք նորից պահանջում էին Վեհափառի հրաժարականը: Խնդիրն իսկապես գոյություն ունի՝ կաթողիկոսի հեղինակությունը ցածր է, իսկ դա, մեղմ ասած, լավ չէ մեր պետության համար, որը, վստահ եմ, կարող է զարգանալ միայն հոգեւոր արժեքների վրա հիմնվելով:

Բայց նախ՝ կաթողիկոսի դեմ ցույց անողները փոքրաթիվ են եւ մինչեւ վերջ անկեղծ չեն՝ մեկին, օրինակ, պաշտոն տվեցին, եւ նա իր մտահոգությունները մի կողմ դրեց: Իսկ ավելի կարեւորն այն է, որ խնդիրը ոչ միայն անձնական է, այլեւ համակարգային:

Պետությունն այս առումով երկու խնդիր ունի: Առաջինը՝ Մայր աթոռին պետք է բերել հարկային դաշտ, որպեսզի բացառվի անվերահսկելի բիզնեսի հնարավորությունը, որով, ըստ լուրերի, զբաղվում են մեր բարձրաստիճան հոգեւորականները:

Երկրորդ՝ պետք է դադարեցվի դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, որը բերում է ակնկալվածին ճիշտ հակառակ արդյունքներ՝ երեխաներին վանելով քրիստոնեական հավատքից:

Փոխարենը դպրոցում, նաեւ մանկապարտեզում պետք է երեխաներին սովորեցնել բարոյական վարքի ընդհանուր հիմունքներ՝ սեր, կարեկցանք, ներողամտություն, համեստություն: Այդ արժեքներն անձամբ ինձ համար մարմնավորվում են Հայ առաքելական ուսմունքում, բայց մնացած մարդկության, նաեւ հայերի որոշ մասի համար կարող են ձեւակերպվել այլ ուսմունքներում եւ ուղղություններում: Պարկեշտ եւ բարեսիրտ կարող են լինել նաեւ մահմեդականը, հրեան, Եհովայի վկան, աթեիստը, ագնոստիկը, բոլոր հավատացյալներն ու անհավատները: Կարեւորը մեր երկիրը եւ ամբողջ աշխարհը ազնվացնող, «մաքրող» համամարդկային արժեքներն են:

Ինչ մնում է Գարեգին Երկրորդին: Եթե որեւէ աշխարհիկ կառավարիչ՝ նախագահ կամ վարչապետ, ակնհայտորեն չի վայելում քաղաքացիների մեծամասնության աջակցությունն ու հարգանքը, պարզ է, որ նա պետք է հեռանա, ինչը եւ տեղի ունեցավ վերջերս Հայաստանում:

Եթե որեւէ հոգեւոր առաջնորդ հեղինակություն չունի հավատացյալների շրջանում, այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է պետք վարվել: Խոսքը հավատի, մարդկանց նվիրական զգացմունքների մասին է, եւ այն մոտեցումը, որը ճիշտ է պետական պաշտոնյայի պարագայում, այստեղ, կարծում եմ, կիրառելի չէ: Ուստի առաջարկում եմ իդեալիստական, «կյանքից կտրված» լուծում. Գարեգին Բ-ն ապաշխարում է, խոստովանում է, որ մինչ այս պահն ապրել է հոգեւորականին ոչ վայել կյանքով, մտածել է, երազել է զուտ նյութականի եւ ոչ հոգեւորի մասին, եւ… շարունակում է պաշտոնավարել՝ վերափոխված եւ իր կյանքը վերաիմաստավորած:

Լուծումն իհարկե խիստ անիրատեսական է: Բայց, ընդհանուր առմամբ, համոզված եմ, որ կատարելագործվելու, դեպի լույսը գնալու ներուժը կա բոլորիս մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ