Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս փոխնախարարի պարտականությունները կատարող Զառա Բաթոյանին: Շրջանառվող տեղեկությունից հատկապես խանդավառված են մեր երկրում  սոցիալական ծառայություն մատուցող  միջազգային կազմակերպությունները: Ավելին, իրենց հետ համագործակցող լրագրողներին կոչ են արել այս շրջանում չխանգարել վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի  միակ թեկնածուին՝  սոցցանցերում  «չքլնգել», խիստ չքննադատել իրենց  համախոհ Բաթոյանին, մինչեւ որ նշանակումն իրականություն դառնա:

Նախարարության աշխատակազմի կուլիսային խոսակցություններից տեղեկանում ենք,  որ այս լուրը քննարկվում էր դեռ տարեմուտի նախօրեին, եւ աշխատակազմն անսպասելիորեն ավելի լավ է ընդունել, քան մյուս փոխնախարար Արսեն Մանուկյանի հավանական նշանակման մասին մամուլում հրապարակված տեղեկությունները:

Բանն այն է, որ  նախկին նախարար Մանե Թանդիլյանի նշանակած առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը հասցրել է այս կարճ ժամանակահատվածում մի շարք ներքին կոնֆլիկտներ հրահրել: Նախարարի գործառույթներ իրականացնող պաշտոնակատարը լարված հարաբերությունների մեջ է վարչության պետերի ու  ենթակա առանձին կառույցների, ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ, չկան անգամ կենդանի շփումներ: Նախարարի գործառույթ կատարելու երկու ամիսներին Մանուկյանը հասցրել է  նույնիսկ դատական քաշքշուկում հայտնվել՝   աշխատակիցներից մեկի նկատմամբ ապօրինի հրաման արձակելու մեղադրանքով:

Նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնակատարի կողմից թիրախավորված են հատկապես աշխատակազմի  հնաբնակները, ովքեր լավ են հիշում, թե  ինչպես տարիներ առաջ Արսեն Մանուկյանից ազատվելու համար նախարարությունը հարկադրված է եղել կառուցվածքային փոփոխության գնալ՝  լուծարել է իրավաբանական  բաժինը եւ որոշ ժամանակ անց վերականգնել կրկին՝ առանց այս մասնագետի:

Կշարունակի՞ արդյոք նույն Արսեն Մանուկյանը  պաշտոնավարել՝ որպես փոխնախարար նաեւ Զառա Բաթոյանի նախարար նշանակումից հետո, ժամանակը ցույց կտա: Նախարարության ներսում ինքնակազմակերպվում են, որպեսզի դա թույլ չտան, ասում են՝ մտադիր էինք միտինգ անել, որ նախարար չգա, իսկ որպես փոխնախարար՝ Բաթոյանն ինքն էլ գիտի, թե ինչ դժվարությամբ են  ներսում վարչության պետերն  այդ մարդու հետ սառը պատերազմով ժամանակ ձգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ