Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Իր վերջին հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համեմատություն է անցկացրել ներկա իշխանության եւ ՀՀՇ-ի միջեւ: Նա խոսել է իրեն հատուկ չարությամբ, որովհետեւ 1990-ականների սկզբին ՀՀՇ-ականները Քոչարյանին մի տեսակ վերեւից էին նայում, եւ չնայած 1998-ից հետո երկրորդ նախագահն ամեն ինչ արեց իր նախկին զինակիցներից վրեժխնդիր լինելու համար, նրանց ճանապարհները 2008-ին կրկին խաչվեցին եւ այս անգամ եւս իրար հասցեի չափազանց տհաճ բաներ ասվեցին:

Նույնիսկ հիմա ՀՀՇ-ի ժառանգորդ ՀԱԿ-ը եւ ընդհանրապես առաջին նախագահի կողմնակիցները խնդիրներ ունեն Քոչարյանի հետ: Ճիշտ է, խնդիրներ ունեն ոչ միայն նրանք: Բայց եթե իսկապես փորձենք համեմատել 1988-ի եւ 2018-ի հեղափոխությունների արդյունքում իշխանության եկած ուժերին, ապա կարելի է նկատել հետեւյալը:

Այսօր ավելի շատ է ուշադրություն դարձվում արտաքին ատրիբուտներին, հռետորաբանությանը եւ հասարակական կարծիքին, քան այն ժամանակ: Օրինակ, ՀՀՇ-ականների մտքով անգամ չէր անցնի իրենց իշխանության գալու օրը համաժողովրդական տոն հռչակել: «Նախորդ ռեժիմի մնացուկներին» բարոյապես ոչնչացնելու վրա էլ այնքան էներգիա չէր ծախսվում, որքան հիմա է նկատվում «նախկինների» հանդեպ մտասեւեռումը: (Առաջին նախագահի եւ ՀՀՇ-ի «բզիկը» Դաշնակցությունն էր, բայց դա այլ պատմություն է):

Փոխարենը 1990-ական թվականների սկզբին իշխանությունն ավելի մեծ ուշադրություն էր դարձնում ոչ թե հեղափոխական խոսքերին, այլ հեղափոխական գործերին: Բագրատյանի անցկացրած բարեփոխումների հասցեին առ այսօր անեծքներ են հնչում՝ «քանդեց», «թալանեց», «հաստոցները որպես լոմ ծախեց», «էլեկտրաէներգիան լափեց» եւ այլն: Նույնիսկ այսօրվա իշխանության երիտասարդ ներկայացուցիչներից ոմանք հավատում են ծնողներից լսած այս առասպելներին: Բայց բարեփոխումների գործն, այնուամենայնիվ, արվեց (իր թերություններով, բնականաբար):

Այսօրվա իշխանությունը, կրկնեմ, չափից դուրս շատ է սեւեռված հասարակական կարծիքի վրա: Այդպես գործն առաջ չի գնա: Եթե որոշում կա արգելել ծխախոտը փակ տարածքներում, ապա պետք է «վերցնել կացինը» եւ մեկ հարվածով այդ «ծուխը կտրել», եւ առողջապահության նախարարն այստեղ իրավացի է:

Եթե նպատակ կա փոխել հարկային օրենսդրությունը, ապա պետք է լսել «տնտեսական բլոկի» պատգամավորներին, ոչ թե պահպանողական նախարարներին:

Եթե անհրաժեշտ է պետական գերատեսչությունները բեռնաթափել «շարիկ գլորողներից», ապա պետք չէ լսել սոցիալական պոպուլիստների լացուկոծը: Թե չէ կամուկացի մեջ մնալով, կարելի է այնքան ձգել, որ ժողովրդական աջակցությամբ բացված պատուհանը կփակվի: Մի խոսքով, տնտեսական եւ այլ ոլորտների հեղափոխությունը վճռականություն է պահանջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ