Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել բավականին ուշագրավ մի նախաձեռնություն՝ բարձրացնել Իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, դրանով ներքին արտադրողին օգնելու համար: Այլ կերպ ասած, քայլ է կատարվում ներկրվող ցեմենտի գինը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի ներսում արտադրվող ցեմենտը դառնա մրցունակ: Կառավարությունը մեկնաբանում է, որ քայլը ժամանակավոր է, մինչեւ ներքին արտադրողը կկարողանա իր ռեսուրսով մրցունակ դառնալ:

Հարցը, սակայն, ունի նաեւ բավականին ուշագրավ քաղաքական կողմ, եթե արձանագրենք, որ Հայաստանում ցեմենտի արտադրության գլխավոր շահառուն Արարատի ցեմենտի գործարանն է, որի սեփականատերն էլ Գագիկ Ծառուկյանն է՝ ԲՀԿ նախագահը: Փաստացի կառավարությունը քայլ է կատարում Գագիկ Ծառուկյանի համար մրցակցային արտոնյալ պայման ձեւավորելու ուղղությամբ:

Այդ հանգամանքն էլ իր հերթին ուշագրավ է դառնում «տրանսգենդերային» աղմուկի առիթով «Իմ քայլը»-ԲՀԿ սրված հարաբերության ֆոնին, նաեւ «Առինջ մոլում» ՊԵԿ քննչական գործողություններին, որին ԲՀԿ-ն ոչ շատ կտրուկ, սակայն այդուհանդերձ տվել է քաղաքական աստառ:

Ստացվում է, որ այդ գնահատականը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ տարօրինակ է տոնավաճառի առումով քաղաքական «հետապնդում» անել, իսկ ցեմենտի մասով՝ արտոնյալ հնարավորություն տալ: Կամ էլ կառավարությունը մտրակ ու բլիթ է կիրառում ԲՀԿ նախագահի նկատմամբ, ցույց տալով, որ իշխանության հետ առճակատման չգնալու դեպքում Գագիկ Ծառուկյանը կարող է ստանալ տնտեսական գործունեության որոշակի նպաստավոր պայմաններ, իսկ հակառակ դեպքում նա կարող է հայտնվել աչալուրջ հայացքի ներքո:

Այս իրավիճակը մեծ հաշվով արտացոլում է, որ Հայաստանում շարունակում է խնդիր լինել խոշոր կապիտալի եւ քաղաքականության սերտաճումը՝ փոխազդեցության իմաստով: Կամ այդ կապիտալը պետք է դադարի քաղաքականությանն ուղիղ մասնակցությունը, կամ պետք է իշխանությունն ինքը շատ հստակ օրենսդրական մեխանիզմներ մշակի խոշոր կապիտալի ուղիղ քաղաքական ներկայությունը սահմանազատելու ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ