Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները, մեկը մյուսին հերթ չտալով եւ օգտագործելով համացանցային բոլոր հարթակները, հիշում են նախորդ տարվա այս օրերին ծավալված իրադարձությունները:

Դպրոցական երեխայի խանդավառությամբ պատմում են դեպքերի ու զարգացումների մասին, կետ առ կետ նշում, թե ով ինչով էր զբաղված: Տպավորություն է, թե դեպքերը վաղնջական ժամանակահատվածում են եղել, ու մենք էլ ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել:

Մեր օրերի «պատմիչները» դետեկտիվ ոճի նրբերանգներով այնպես են նկարագրում վրանների մեջ կամ փողոցում տեղադրված վառարանների շուրջ տեղի ունեցած խոսակցությունները, որ եթե ամեն ինչ սեփական աչքերով տեսած չլինես, կմտածես՝ աներեւույթ ուժերի պես են գործել ու զուսպ, համբերատար, խիստ համակարգված աշխատանքի շնորհիվ հասել իշխանափոխության:

Բայց մենք գոնե հասկանում ենք, որ գեղագիտական ելեւէջներով հուզիչ գրառումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հասարակության զգացական ֆոնը չթուլացնելու հերթական փորձ: Էյֆորիայի հետզհետե նահանջն արդեն տեսանելի է, մարդիկ հստակ հարցեր են բարձրացնում ու, պատասխաններ չստանալով, սկսում քննադատել իշխանություններին:

Նրանք էլ ստիպված են ամեն անգամ մի ձեւով ընդգծել, թե ինչքան շատ են արժեւորում ՀՀ «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին»:

Սրտակեղեք գրառումները նաեւ սեփական պաշտոնն ու դիրքը ամրապնդելու յուրօրինակ ձեւ են, հավատարմության երդում՝ իրենց մանդատ կամ պաշտոն նվիրած վարչապետին: Ասել է թե՝ մենք այսքան բան ենք արել, քայլել ենք, ավտոբուսների անիվների տակ պառկել, դրոշ ծածանել, դրա համար էլ արժանի ենք փափուկ աթոռների:

Մյուս կողմից էլ հիշեցնում են, որ վերոնշյալ բոլոր գործողություններին թեեւ մասնակցել են, բայց որեւէ պաշտոն չեն ստացել: Իշխանություններին «նամյոկ են» անում՝ թեեւ քայլել են, բայց «մենակ են»:

Հեղափոխության օրերի քրոնիկոնի վերջին սերիաները «կցուցադրվեն» ապրիլի 27-ին՝ քաղաքացու օրը, ամենաբարձր մակարդակով հասարակությանը հերթական անգամ կմատուցվի՝ ինչպես «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը» մարդկանց սեւերի ու սպիտակների բաժանեց, եւ ինչքան «չար ու նախանձ» էին նախկինները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ