Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Բրիտանական «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2018 թվականի արդյունքներով տնտեսության վրա քաղաքական ռիսկի ազդեցության վարկանիշները, որի համաձայն՝ ՀՀ տնտեսական զարգացումների վրա քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվել է բարձր, իսկ ներդրումային միջավայրը՝ քաղաքական առումով ոչ բարենպաստ։

Ընկերությունը յուրաքանչյուր եռամսյակում ավելի քան 160 երկրների համար հրապարակում է քաղաքական ռիսկի ազդեցության գնահատականներ եւ, այսպես կոչված,  VAPOR-Value at Political Risk վարկանիշներ։ Վերջինս յուրահատուկ վերլուծական հրապարակում է, որը թույլ է տալիս միջազգային կազմակերպություններին եւ    ներդրողներին գնահատել իրական արժեքի առումով քաղաքական ռիսկի ազդեցության չափը՝ ինչպես յուրաքանչյուր երկրի տնտեսության եւ ոլորտների զարգացման վրա, այնպես էլ՝ այդ քաղաքական ռիսկերի ազդեցության հնարավոր ֆինանսական չափը։ Վարկանիշի հաշվարկման հիմքում ընկած են նաեւ քաղաքական ռիսկով պայմանավորված ակնկալվող հնարավոր ֆինանսական կորուստների առավելագույն եւ նվազագույն սահմանաչափերը։

Յուրաքանչյուր վարկանիշ ներառում է ակնկալվող վնասները հինգ ռիսկերի նկատմամբ տնտեսության 14 ոլորտներում: Գնահատականները նախատեսված են կանխատեսելու, թե որտե՞ղ ի հայտ կգա անսպասելի քաղաքական ազդեցություն, եւ որտե՞ղ առկա գլխավոր վտանգը կարող է ճնշել հնարավորությունները ներդրող կազմակերպությունների համար։ 

Մեթոդաբանական առումով այս վարկանիշը բաղկացած է 4 հիմնական մակարդակներից՝ AR, որն իր բովանդակությամբ հանդիսանում է ցածր ռիսկային վարկանիշ, եւ այս վարկանիշը շնորհվում է այն երկրներին, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է ցածր։ Վերջին հրապարակման արդյունքներով՝ այս վարկանիշին են արժանացել ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան եւ Եվրոպական միության անդամ մի շարք երկրներ։

BR կամ միջին ռիսկայնության վարկանիշին արժանանում են այն երկրները, որտեղ քաղաքական ռիսկի ազդեցությունը գնհատվում է միջին, իսկ դրա ազդեցությամբ պայմանավորված հնարավոր կորուստները գնահատվում են ցածր։ Այս վարկանիշին են արժանացել Ռուսաստանը, Չինաստանը, Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներ, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ այլն։

CR կամ բարձր ռիսկային վարկանիշ ստացած պետություններում քաղաքական ռիսկի ազդեցությունը գնահատվում է բարձր, այդ երկրները ստանում են ոչ ներդրումային կարգավիճակ, եւ այստեղ քաղաքական ռիսկերով պայմանավորված կորուստները գնահատվում են բարձր։ Այս վարկանիշին են արժանացել Հայաստանը, Սիրիան, Իրանը, Պակիստանը, Աֆղանստանը, Աֆրիկյան մի շարք երկրներ, Ուկրաինան եւ այլն։

Եվ վերջին՝  F վարկանիշային խմբում հանգրվանում են այն երկրները, որոնց քաղաքական ռիսկը գնահատվում է՝ որպես անկառավարելի։ Սա ռիսկայնության առավել բարձր մակարդակն է եւ լի է անկանխատեսելիությամբ, հետեւաբար՝ այս խմբի երկրների համար ազդեցության որեւէ գնահատում հնարավոր չէ իրականացնել։

Այսպիսով, համաձայն հրապարակված վարկանիշավորման, Հայաստանի Հանրապետության համար քաղաքական  ազդեցությունը տնտեսության վրա գնահատվել է բարձր ռիսկային, իսկ կանխատեսումները՝ բացասական։ Այդպիսով «Օքսֆորդ Անալիտիկս» վերլուծական կենտրոնը կոչ է արել միջազգային կազմակերպություններին եւ այլ ներդրողներին եւ դոնորներին խուսափել ՀՀ-ում ներդրումներ եւ ֆինանսական գործառնություններ իրականացնելուց, քանի որ մեծ է հավանականությունը, որ  ներդրողները կունենան զգալի կորուստներ, որոնց չափը կախված կլինի տարբեր քաղաքական գործոններից։

Ինչպես ասում են՝ բարի գալուստ 1990-ականներ։ Եվ սա հետեւանք է հեղափոխությամբ իշխանության եկած կառավարության եւ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված «ասֆալտներին փռելու», «պատերին ծեփելու», «կոռուպցիոներների» գրպանները թափ տալով գումարներ բերելու, գյուղապետերի հետեւից անձամբ գնալու եւ իրենց կաբինետներից վզներից բռնած դուրս շպրտելու, «էս երկրում կա՞ դատավոր, որ իմ ասածը չի անի» եւ նման կարգի հայտարարությունների եւ գործողողությունների։

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները, «մասկի շոուները» եւ տարբեր բիզնես ընկերություններում «ռեկետ» հիշեցնող դրսեւորումները, դատարանները շրջափակելու նրա հակասահմանադրական կոչը եւ նմանատիպ այլ հայտարարություններն ու գործողությունները միայն բավարար էին, որպեսզի Հայաստանում որեւէ ներդրում չլինի, եւ երկիրը քաղաքական ռիսկի վարկանիշով հայտնվի բարձր ռիսկային գոտում։ Նույնիսկ հայաստանյան ներդրողներն են այսօր խուսափում որեւէ գործ նախաձեռնել, որովհետեւ երկիրն ապրում է անկանխատեսելի ռեժիմում՝ ասես հրաբուխի վրա, եւ չգիտեն՝ որ պահին երկրի վարչապետն ինչպիսի տրամադրություն կունենա եւ ինչ հրահանգ կիջեցնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ