Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով հրավիրվել էր Դատավորների ընդհանուր ժողով, որին հաջորդել էր ժողովի տարածած հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշել են, որ ժողովը եւս կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը, որի արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում:

Ժողովն իր հայտարարության մեջ նաեւ խիստ դատապարտել էր դատավորների հասցեին արվող անհարգալից հայտարարությունները եւ արձանագրել, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը եւ գործնականում չի երաշխավորում նրանց անկախությունը:

«Անկախ դատավոր» հ/կ նախագահ, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դատավորների ընդհանուր ժողովին, ցավով արձանագրեց, որ Դատավորների ընդհանուր ժողով կոչվածը երբեք իր տեղում չի եղել եւ երբեք չի ծառայել որպես դատական իշխանության բարձրագույն մարմին, չի աջակցել իր դատավորներին թեկուզ հենց իր հարցով:

«Դատավորի հարցը դրվել է հանձնաժողովում, հետո Արդարադատության խորհրդում, եւ որեւէ արձագանք, սրտացավություն երբեք չի եղել: Անգամ, երբ Արդարադատության խորհուրդը որոշեց, որ պետք է դիմի ՀՀ նախագահին դատավորների լիազորությունները դադարեցնելու համար, Դատավորների ընդհանուր ժողովը եղել է քնած: Ձեւական պատվերների հիման վրա արդարադատության նախարարի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի պատվերով ներկայացրել են թեկնածուներ: Հիմա գուցե պետք են այսպիսի իրավիճակներ, որպեսզի ավելի միասնական դառնան, հասկանան, որ պետք է իրար աջակցեն, որովհետեւ երկու ձեռքը երես է լվանում»,- ասաց Պարգեւ Օհանյանը:

Ինչ վերաբերում է ժողովի տարածած հայտարարության բովանդակությանը, մեր զրուցակիցն ասաց, որ այն իր համար ընդունելի է, չպետք է ընդունելի լինեն դատավորների հասցեին հնչող անհարգալից արտահայտություններն ու պիտակավորումները:

Մեր հարցին, թե դատավորներին ի՞նչ մեխանիզմներով պետք է «վեթինգի» ենթարկեն, ո՞րն է իր համար ընդունելի մեխանիզմը, Պ. Օհանյանը պատասխանեց, որ մարդիկ հաճախ վախենում են անորոշությունից ու չիմացությունից, եւ քանի որ «վեթինգը» մեր հանրության շրջանում նոր երեւույթ է, շատերին այն անհանգստացնում է. ինչը հասկանալի է: «Այս մտավախությունների հիմքերը կարելի է կիսել կամ արդարացնել, քանի որ «վեթինգը» վտանգավոր է, նայած, թե այն ով եւ ինչպես է իրականացնում: Հաճախ եմ ասել՝ չի կարելի, որ կաշառակերը դատի կաշառակերին, կոպիտ եմ ասում, բայց պատկերացրեք. Քննիչը՝ կաշառակեր, դատախազը՝ կաշառակեր, ու բռնել են մեծ կաշառակերի: Այսինքն՝ ովքե՞ր են լինելու «վեթինգ» իրականացնողները, քանի որ դա ինչ-որ տեղ լինելու է դատավորների, այսպես ասած, դատը, որտեղ պետք է որոշեն դատավոր աշխատելու համար ո՞վ է արժանի, ո՞վ ոչ:

Դատավորները «վեթինգը» չափից ավելի վերապահումներով են ընդունում, բայց սա նորմալ է, եւ եթե ճիշտ ու արդար իրականացվի, ապա դատավորներն ավելի անկախ կդառնան եւ վստահություն կշահեն»,- ընդգծեց Պ. Օհանյանը:

Հարցին էլ, թե անցումային արդարադատության համակարգն ի՞նչ ժամանակաշրջան պետք է ընդգրկի, նա պատասխանեց, թե միշտ մտածել է, որ ժամանակահատվածի առումով ամեն ինչ պարզ է, սակայն հետո հասկացել է, որ անցումային արդարադատությունը պետք է վերաբերի անցյալին:

«Կարծում եմ՝ անցումային արդարադատությունը պետք է ընդգրկի վերջին 30 տարիները: Սա, իհարկե, բարդ կլինի, բայց պետք է այն ընդգրկի Երրորդ Հան-րապետության կայացման սկզբից մինչեւ այսօր»,-ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ