Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի մի քանի անդամի հրաժարականը բերեց թե՛ դրական եւ թե՛ բացասական հետեւանքների: Լավ չի, օրինակ, որ այդ կարեւոր կառույցի կազմում չկա Գեւորգ Դանիելյանը: Այդպիսի մասնագետներից հրաժարվելը մեր պետության համար, ինձ թվում է, «ավելորդ շքեղություն» է:

Բայց դրական է, որ Ազգային ժողովը փնտրում եւ առաջարկում է նոր կադրեր, որոնցից մի քանիսը լավ տպավորություն են թողնում: Այդպիսին է, օրինակ, ԲԴԽ անդամ ընտրված Գրիգոր Բեքմեզյանը: Նույն ձեւով է ընկալվում իրավաբանական գիտությունների դոկտոր Աննա Մարգարյանը, որը, սակայն, երկուշաբթի օրը չընտրվեց՝ զոհ գնալով քաղաքական խաղերի:

Ըստ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների, կար պայմանավորվածություն, որ այս անգամ թեկնածու է առաջադրելու այդ խմբակցությունը, բայց, նույն աղբյուրի համաձայն, իշխող «Իմ քայլը», մերժելով ընդդիմադիր գործընկերների մի քանի թեկնածուի, դարձյալ առաջադրեց իրենը, եւ դրա պատճառով ԼՀ խմբակցությունը դեմ քվեարկեց:

Բայց եթե նույնիսկ ամեն ինչ այնպես է, ինչպես այդ խմբակցությունն է ներկայացնում, վստահ եմ՝ միշտ պետք է առաջնորդվել անձի արժանիքներով եւ ոչ թե նման հաշվարկներով:

Մյուս կողմից՝ եթե բացարձակ մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» շատ ցանկանար, որ Աննա Մարգարյանն ընտրվի ԲԴԽ անդամ, դա տեղի կունենար: Բայց այդ հարցն իշխանության համար գերսկզբունքային քաղաքական խնդիր չէր, որպիսին է, մասնավորապես, Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելը (եւ, ի դեպ, հանուն այդ նպատակի, մեծամասնության ներկայացուցիչները «վարի են տվել» նախագահի առաջարկած մի քանի լուրջ պրոֆեսիոնալների, որոնք իրենց քաղաքական համախոհները չէին):

Չնայած Աննա Մարգարյանին առաջադրել էր հենց «Իմ քայլը», այդ հարցում իշխող խմբակցությունը, հավանաբար, անփույթ գտնվեց՝ չապահովելով ձայների բավարար քանակ: Իսկ գուցե այդ խմբակցության որոշ անդամների դուր չեկավ, որ թեկնածուն, պատգամավորների հարցերին պատասխանելիս, իրեն չդրսեւորեց որպես «հավատավոր» հեղափոխական: Բոլոր դեպքերում դարձյալ ցավալի է, որ պետությունը «ձեռքից բաց թողեց» նման մասնագետի: 

Երկուշաբթի օրը ամբիոնից իջնելուց Աննան սայթաքեց եւ ընկավ՝ առաջացնելով մի շարք կայքերի եւ հազարավոր օգտատերերի բուռն հրճվանքը: Հիրավի, ավելի լավ է գայթել ոտքով, քան մտքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ