Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին հանրապետության ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի մի քանի ժամ տեւած անջատումների ժամանակ առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանն իրենց սուրբ պարտքն էին համարել մարդկանց հորդորել հնարավորինս խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել: Արսեն Թորոսյանը, օրինակ, Facebook-ի իր էջում գրել էր. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարեւորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները եւ այլն»:

Հանրապետական հիվանդանոցում, ըստ երեւույթին, այնքան լուրջ են ընդունել «շեֆի» ասածը, որ անջատել են ինչ պատահի: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ վիրահատական սեղանին պառկած հիվանդին բժիշկները չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով:

«Տեղային անզգայացումով վիրահատություն պետք է անեին, երբ հոսանքը գնաց: Բժիշկներն իրար էին նայում, չգիտեին՝ ինչ անեն: Հարցնում ենք՝ դուք համապատասխան սարքեր չունե՞ք, որ հոսանք ապահովի, ասում են՝ ոչ: Ստիպված եղանք այնքան սպասել, մինչեւ լույսերը եկան, ու բժիշները կարողացան գործի անցնել: Բարեբախտաբար, վիրահատությունը չէին սկսել, այլապես պատկերացնու՞մ եք ինչ կլիներ, եթե հանկարծ վիրահատության ընթացքում անջատում լիներ»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը պատմեց նաեւ, որ զանգահարել է առողջապահության նախարարության թեժ գիծ, ներկայացրել խնդիրը, բայց նրան ի պատասխան ասել են, թե իրենք ոչինչ անել չեն կարող, պետք է հիվանդանոցի տնօրենությանը դիմել: Նախարարությունը, փաստորեն, անհաղորդ է իր ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունում տիրող իրավիճակին: Ի՞նչ է նշանակում վիրահատությունը հետաձգել կամ այն կիսատ թողնել էլեկտրաէներգիա չլինելու պատճառով, իսկ եթե ծայրահեղ ծանր դեպք լինե՞ր ու շտապ վիրահատություն անելը վայրկյանների հա՞րց: Այդ դեպքում ո՞վ էր պատասխան տալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ