Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Նախորդ գրեթե մեկ ու կես տարին ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը նույնիսկ իշխանափոխությունից հետո չի փայլում ներդրումային բարձր գրավչությամբ։ Ու եթե նախկինում «ախպոր ախպերներն» էին ներդրումներ անում, հիմա նրանք էլ չկան։

Հիշենք, թե մի առիթով ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը մինչեւ այժմ Հայաստանում կատարված ներդրումների վերաբերյալ. «Սովորաբար կառավարությունում եւ ԱԺ-ում հավաքվել են լավ տղերքը եւ ասել են, թե հիմա ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք եւ մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, եւ կան ախպոր ախպոր ախպերներ։ Հիմա ո՞նց ենք ներդրում բերում, դե, ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերն էլ ՝ իր ախպորը, ախպոր ախպերն էլ իրենց ախպերներին, եւ ախպերներով պետք է մի բան անենք, մի բան լինի։ Եկեք նայենք մեր երկրի ներդրումների պատմությունները, ինչի՞ պատահական մարդ Հայաստանում ներդրումներ է արե՛լ, կամ եղել է ախպեր կամ ախպոր ախպեր։ Դրա համար Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա։ Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք. սա է հեղափոխությունը. մենք դաշտ ենք ստեղծում, որ ոչ թե ախպերները լինեն տնտեսության ֆակտորը, այլ գաղափարները, մեխանիզմները»։

Վարչապետի դիտարկումների մեջ գուցե ճշմարտություն կա։ Բայց այնպես չէ, որ Հայաստանում մինչեւ հիմա ներդրումներ են արել միայն «ախպոր ախպերները»։ Դրա համար կան բազմաթիվ օրինակներ։

Ասենք՝ օրերս մեկնարկած Երեւանում նոր ջերմային կայանի կառուցման ծրագիրը, որը մաքուր օտարերկրյա ներդրում է, եւ որի հետ այս իշխանությունները որեւէ կապ չունեն։ Ծրագրին մասնակցում են միջազգային մի քանի հայտնի ընկերություններ եւ ֆինանսական կառույցներ, որոնց հետո «ախպոր ախպերների» կապը, լավագույն դեպքում, կարող է այն լինել, որ նման ներդրողներ են բերել Հայաստան։

Կամ՝ նույն Ամուլսարը, որը գրեթե ավարտին էր, բայց իշխանափոխությունից անմիջապես հետո հայտնվեց փակուղու առջեւ, եւ մինչեւ այժմ կառավարությունը լուծում չունի այս խոշոր ներդրումային ծրագրի վերաբերյալ։

Այս երկու օրինակը բավարար է՝ հասկանալու համար, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը չափազանցնում էր ներդրումների հետ կապված իրավիճակը։ Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես է եղել, ապա ո՞րն է նոր իշխանությունների ներդրումային քաղաքականությունը։ Այս հարցը, իշխանափոխությունից անգամ 15 ամիս հետո, շարունակում է բաց մնալ։

Կառավարությունը մինչեւ այժմ չի կարողանում հստակեցնել իր ներդրումային քաղաքականությունը։ Այդպես էլ բաց է մնում այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան, այդ ո՞ր առավելության համար։ Կամ՝ ի՞նչ լրացուցիչ պայմաններ է ստեղծել կառավարությունը, որպեսզի գրավի ներդրողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ