Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երեկ ինձ զանգահարել էր ՀՀԿ-ամերձ մի գործարար (միջին մասշտաբի)՝ բողոքելով, որ «Առավոտը» նրան վարկաբեկում է: Ինչպես սովորաբար դա անում եմ, ես առաջարկեցի նրան հանդես գալ մեր թերթում եւ շարադրել իր տեսակետը, իրականության իր ընկալումը: Դրան գործարարը համաձայն չէր:

Որպես այլընտրանք առաջարկեցի դիմել դատարան եւ հասնել արդարության: Դրան ի պատասխան զրուցակիցս ասաց, որ ես վարկաբեկում եմ մեր հերոս ազգին, իսկ հետո ցանկանում եմ բոլորին «գործ տվող» սարքել: Նա ցանկանում էր, որ նյութը հանվեր կայքից, որը ե՛ւ անիմաստ է, որովհետեւ այն տարածվել էր մի քանի օր առաջ, ե՛ւ էթիկապես անընդունելի է: Բանակցությունները, ինչպես ասում են, ավարտվեցին առանց արդյունքի:

Քիչ անց այդ գործարարն sms-ով ինձ սեռական բնույթի հայհոյանք ուղարկեց: Ես, բնականաբար, նրան ներում եմ, եւ չեմ պատրաստվում որեւէ ընթացք տալ այդ գործին: Միշտ ասել եմ, որ հայհոյանքն իրականում օգնության ճիչ է եւ բնութագրում է միայն հայհոյողի հոգեվիճակը:

Հիշատակում եմ այս պատմության մասին, որովհետեւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ, անկախ նրանից, թե ինչ է հիմա անում ներկայիս իշխանությունը, անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխությունը ճիշտ էր, մասնավորապես, այն պատճառով, որ հիմնականում անցյալում է լրատվամիջոցների հետ շփվելու «հաբռգած» ոճը, որը գալիս էր անպատժելիությունից եւ իրական կյանքի հետ կապը կորցնելուց:

Ասում եմ՝ «հիմնականում անցյալում է», որովհետեւ որոշակի «ռեցիդիվներ» դեռեւս, ինչպես տեսնում եք, կան: Ի դեպ, ես «ռեցիդիվ» եմ համարում նաեւ նոր իշխանությունների «ես գիտեմ, թե ում պատվերն ես դու կատարում» ոճի արձագանքը: Միանգամայն օրինաչափ է, որ թե՛ իմ եւ թե՛ մեր քաղաքացիների մեծամասնության ակնկալիքները ներկայիս իշխանությունից ավելի մեծ են, քան նախորդից:

Օրինակ, ոչ մեկիս մոտ կասկած չէր առաջացնում, որ նախկինում դատավորների մեծամասնությունը իշխանությունների կամակատարն էր: Բայց հիմա մեր մեջ դարձյալ կասկածներ կան՝ արդյոք այսօրվա կառավարիչներն իսկապես ուզում են, որ դատարաններն անկա՞խ լինեն, թե՞ ձգտում են, որ հիմա էլ իրե՛նց կամակատարը լինեն:

Ինչո՞վ է բացատրվում է պահանջների այս ավելի բարձր նշաձողը: Շատ պարզ. նրանք, որոնք այժմ իշխանություն ունեն, ընդդիմության շարքերում լինելով, անխնա եւ շատ տեղին քննադատում էին նախորդ իշխանություններին, որ նրանք, մասնավորապես, վերահսկում էին դատական համակարգը: Բայց հիմա, երբ դատավորներն ընդունում են իշխանություններին ոչ հաճո որոշումներ, կամ՝ երբ ՍԴ նախագահը նախորդ եւ ոչ թե ներկա իշխանության մարդն է, այդ իրողություններն արժանանում են մեր իշխանավորների նյարդային քաղաքական արձագանքի:

Ինչպիսի արդարացումներ էլ դրա համար ներկայացնեն իշխանության չափից դուրս ջերմ երկրպագուները, դա անաչառ աչքի համար տեսանելի է: Ցանկացած մանկավարժ ծույլիկ աշակերտներից առանձնապես սպասելիքներ չունի, իսկ լավ աշակերտներից բարձր առաջադիմություն է ակնկալում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ