Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս բանավեճ էր ծավալվել կառավարության որոշման շուրջ՝ Մարզահամերգային համա­լիրի մոտ կանգնեցնել Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը: Դրա դեմ հանդես եկողները բերում են հետեւյալ փաստարկները. 1/ Դեմիրճյանի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը, 2/ նա դեմ էր Հայաստանի անկախությանը:

Առաջին պնդումն ինքնին ճիշտ է: 1974-88 թվականների Հայաստանում կուսակցական եւ պետական ապարատի չինովնիկները (հատկապես առեւտրի եւ իրավապահ ոլորտի), ինչպես նաեւ կիսաօրինական ձեռներեցները («ցեխավիկները») մի քանի անգամ ավելի շքեղ կյանք էին վարում, քան մարդիկ, ովքեր ապրում էին «չոր աշխատա­վարձով»՝ թեկուզ շատ բարձր: Սակայն այդպես էր նաեւ մինչեւ 1974 թվականը, երբ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց Կենտկոմի առաջին քարտուղար: 

Այդպես էր նաեւ խորհրդային մյուս հանրապետու­թյուններում, եւ, մասնավորապես, այդ արատներն ավելի ցայտուն էին արտահայտված Վրաստանում եւ Ադրբեջանում:

Ինչ մնում է անկախության հարցին, ապա այդ հրաշալի նպատակով ապրում էին մի քանի տասնյակ նվիրյալներ (փառք ու պատիվ նրանց), իսկ մնացած քաղաքացիներիս մտքով անգամ նման բան չէր անցնում: Կարեն Դեմիրճյանն այն ղեկավարներից էր, որն իր հեռատեսությամբ, հայ­րենասիրությամբ, կազմակերպչական տաղանդով նպաստել է մեր երկրի շենացմանն ու հզորացմա­նը: 

Այնպես որ, կառավարությունը, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ որոշելով կանգնեցնել Դեմիրճյանի արձանը: Մնում է, որ նույն կառավարությունը նույնքան սառնասիրտ եւ իմաստուն լինի՝ ավելի մոտ անցյալը գնահատելիս: Այս հարցում, սակայն, առայժմ գերիշխում են էմոցիաները, պոպուլիզմը եւ քարոզչական մոտեցումները:

Իհարկե, անցյալում կատարվել են բազմաթիվ սխալներ եւ հանցագործություններ, եւ շատ ցան­կալի է, որ բոլոր օրինախախտները կանգնեն դա­տարանի առջեւ: Բայց դա չի կարող խանգարել մեզ պետական մոտեցում ցուցաբերել մեր պատ­մության բոլոր փուլերի հանդեպ: Թե չէ երբեմն ստացվում է, որ 27 տարի ճանապարհ չի կառուցվել եւ միայն հիմա է կառուցվում, 27 տարի աղե­տի գոտում մարդիկ բնակարաններ չեն ստացել, իսկ հիմա ստանում են, 27 տարի մեր բանակը զենք չի ձեռք բերել եւ միայն հիմա է դա անում: Այդպիսի բոլշեւիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձեւ չի, ավելին՝ դա նաեւ խանգարում է գնահատել այն դրականը, ինչ արվում է հիմա: Որովհետեւ մտա­վախություն կա, որ նման մոտեցում կցուցաբերի նաեւ հաջորդ իշխանությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ