Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում կայացած մենամարտից հետո Վիկ Դարչինյանը պատասխանել է թերթի հարցերին:

Շա՞տ եք տխրել, որ չհաջողվեց հաղթել նոկաուտով։

Նոկաուտը չստացվեց, որովհետեւ շատ էի ձգտում դրան։ Չէի ասի, թե շատ եմ տխրել, քանզի հրաշալի մենամարտ ստացվեց, մրցակիցս էլ վատը չէր՝ վարկանիշային մարզիկ է։ Եթե չկենտրոնանայի Մբամբային անպայման նոկաուտի ենթարկելու մտքին, նոկաուտ կլիներ։ Հատկապես վերջում շատ էի ձգտում հասցնել կործանիչ հարվածը, քանզի գիտեի, որ տրիբունաներում հավաքված մարզասերները նույնպես անհամբեր դրան են սպասում։

Փաստորեն նաեւ հոգեբանական գործո՞նը խանգարեց։

Ոչ, հոգեբանորեն տրամադրված էի, բայց քանի որ շատ էի ուզում նոկաուտ անել, հարվածներս երեւում էին ու միգուցե դրանով իսկ կանխատեսելի էին հակառակորդի համար։

Իսկ ընդհանրապես դժվա՞ր տրվեց հաղթանակը։

Անշուշտ, ծանր մենամարտ էր, զգացվում էր, որ Մբամբան լավ է պատրաստվել։ Ինչպես գիտեք, մենք պետք է հանդիպեինք դեռ 2 տարի առաջ IBF գոտու համար, որի պարտադիր հավակնորդն էր նա այն ժամանակ։ Հիմա նա նույնպես հավակնում էր գոտուն, բայց, կարծում եմ, արդեն անհամեմատ ուժեղ է։

Մենամարտից հետո ի՞նչ ասացիք ձեր մրցակցին։

Նա ինձ շշնջաց, որ շատ ուժեղ եմ հարվածում, ես էլ շնորհավորեցի իրեն, որ կարողացավ դիմանալ։

Նախատեսե՞լ էիք չեմպիոնական գոտին հանձնել երկրի ղեկավարին։

Իհարկե, նախատեսել էի։ Դա նախօրոք համաձայնեցված էր IBO ղեկավարության հետ, եւ բոլորն էլ տեղյակ էին այդ մասին։

Ի՞նչ տվեց ձեզ այդ մենամարտը։

Նախեւառաջ սա ինձ համար պատմական հաղթանակ էր, քանզի պրոֆեսիոնալի կարգավիճակով առաջին անգամ էի մրցում Հայաստանում։ Բոլորն էլ տեսան, որ մեր երկրում թեպետ շատ դժվար է նման միջոցառումներ կազմակերպել, բայց ամեն ինչ սահուն ու լավ ստացվեց։

Դա նշանակո՞ւմ է, որ Երեւանում նորից տեղի կունենան նման միջոցառումներ։

Դժվար է ասել։ Միանգամայն հնարավոր է, որ եւ ամերիկացիները, եւ ավստրալացիները ցանկանան ուղիղ հեռարձակմամբ մենամարտեր կազմակերպել Հայաստանում։

Ծրագրե՞լ եք առաջիկա անելիքները։

Արդեն իսկ առաջարկ կա դեկտեմբերին շատ մեծ մենամարտ անցկացնելու վերաբերյալ։ Մրցակիցս էլ հայտնի է, սակայն այս պահին դեռ չեմ ուզում բացել չակերտները։

Երկա՞ր եք մնալու Հայաստանում։

Թերեւս մեկ շաբաթ։ Հետո կմեկնենք Ռուսաստան, Եվրոպա, այնտեղից էլ Ավստրալիա։ Ցանկանում եմ ընտանիքիս հետ փոքր-ինչ շրջել Եվրոպայում։

Ինչպե՞ս նշեցիք հաղթանակը։

Հաղթանակը, ինչպես արդեն հայտարարել եմ, նվիրել եմ Հայաստանի անկախության 20-ամյակին։ Մենամարտից հետո մտերիմներով մի լավ քեֆ արեցինք։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ