Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Մայրն իր 10 տարեկան որդու հետ քայլում է փողոցով, եւ երեխան վախեցած ձայնով մոր ուշադրությունն է հրավիրում 2-3 բավականին խաղաղ (հավանաբար, թափառող) շների վրա. «Մա՛մ, նայի՝ շների ոհմակ»: Երեխան վերջերս այնքան հաճախ է լսել այդ բառակապակցությունը, որ նրան թվում է, թե մեկից ավելի շունն արդեն իսկ ագրեսիվ ոհմակ է, որը պատրաստ է ուտել ոչ միայն կենգուրուներին եւ մուֆլոններին, այլեւ մարդկանց:

Իհարկե, կենդանիների նկատմամբ նման «տագնապալի» վերաբերմունքն ի սկզբանե մերժելի է՝ որտեղ կա վախ, այնտեղ վաղ թե ուշ ծնվում է ատելությունն ու թշնամանքը: Մտավախությունների առիթ պետք է լինեն ոչ այնքան կենդանիների, որքան մարդկային «ոհմակները», այսինքն՝ «կոլեկտիվ», ոչ անհատական մտածողությունը, երբ ընտրվում է որեւէ թիրախ եւ հարձակման ժամանակ վերանում են անհատական տարբերությունները՝ իրար քաջալերելով մարդիկ կատարում են միեւնույն գործողությունները:

Օրինակ, երբ որեւէ մեկը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի հարցում կարող եւ սխալ լինել, իսկույն ֆեյսբուքում հայտնվում է վարչապետի բուռն երկրպագուների «ոհմակը» եւ սկսում է չափազանց հուզական եղանակով պաշտպանել իր կուռքին՝ չնայած երկրի ղեկավարը նման պաշտպանության կարիք չունի: Բայց սեր է՝ ինչ արած:

Հակառակ ճամբարում նույն տրամաբանությունն է: Եվ հիմա որպես թիրախ ընտրվել է ԿԳՄՍ նախարարը: Միանգամից ասեմ, որ Արայիկ Հարությունյանն «իմ սրտի նախարարը» չէ: Ինչպես ցանկացած հեղափոխական, նա օժտված է որոշակի հատկանիշներով (օրինակ, մեծամտությամբ, որը սերում է այն համոզմունքից, թե իրենցից առաջ ամբողջ պատմությունը սխալների եւ հանցագործությունների շղթա էր), որոնք ներդաշնակ չեն պետական մոտեցման հետ ու խանգարում են մասնագետների հետ շփումներին:

Բայց այդպիսի ժամանակներում ենք մենք ապրում. հեղափոխությունից հետո նման պաշտոն չի կարող զբաղեցնել ապաքաղաքական մտավորականը: Սակայն այն հարձակումը, որն այժմ է տեղի ունենում Արայիկ Հարությունյանի ուղղությամբ, որեւէ փաստական հիմք չունի: Ընդ որում՝ հարձակվողների մեծամասնությունն են կազմում մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, որ ինչ-որ փողոցային ներկայացում կամ ինչ-որ ռոք-խմբի համերգ կարող է կործանել մեր ազգային արժեքային համակարգը:

Բայց կան մի քանի ցինիկներ, որոնք շատ լավ հասկանում են, որ օրակարգը կեղծ է, սակայն միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում՝ քաղաքական-քարոզչական նպատակներով:

Արայիկ Հարությունյանի դիրքերն այս հարցում անխոցելի են: Ներկայացման կամ որեւէ այլ ստեղծագործության «թույլատրելիությունը» որոշում է գեղարվեստական խորհուրդը: Եթե նախարարը որոշի կամ արգելի՝ դա կլինի ուղղակի գրաքննություն, որն արգելված է ՀՀ սահմանադրությամբ:

Ինչպես եւ խոսքի ազատության պարագայում, այս՝ ստեղծագործական ոլորտում էլ ազատությունն առաջնային է, մնացածը (եթե օրենքի խախտում չկա)՝ երկրորդական»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ