Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է անհնարինն անել, միայն թե իր մտերիմ ընկերոջը, ընտանիքի քավոր դարձած Հայկ Ղալումյանին Իջեւանում քաղաքապետ կարգի՝ օժտի նրան մարզպետի բոլոր լծակներով։

Օրերս ԱԺ ներկայացված նախագծով իշխանությունն Իջեւանը պատրաստվում է դարձնել հեգեմոն համայնք. նրա շուրջ կմիավորվեն Տավուշի 19 համայնքներ եւ ապա՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջեւանի քաղաքապետի ընտրություններից հետո, մինիմարզպետարան դարձած այս բոլոր համայնքների կենտրոնացված կառավարումը կտրվի Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանին՝ վարչապետ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապի առավելության շնորհիվ։ Ընդգծենք՝ Իջեւանը միակն է խոշորացվող համայնքների մեջ, որն իր համայնքային փնջում ունենալու է շուրջ 20 համայնք. նախագծով նախատեսվում է միավորել Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն փունջը (թվով 19):

Բայց Իջեւանում համայնքների խոշորացումը միակ ստրատեգիական քայլը չէ, որ արվում է վարչապետի քավորի քաղաքական ձգտումները բավարարելու համար։

Պարզվում է՝ այս օրերին իշխանական թեւում քննարկվում են Իջեւանի ընտրությունները Երեւանի մոդելով կազմակերպելու գործընթացի տարբեր սցենարներ։ Իշխանությունը հակված է նրան, որ Իջեւանը եւս պիտի ունենա իր մասին օրենքը, ինչպես տարիներ առաջ ընդունվեց «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որպեսզի այստեղ էլ ՏԻՄ կառավարումն իրականացվի լոկալ, ինչպես որ դա թույլատրված է Երեւանի քաղաապետարանին։

Իսկ դա նշանակում է, որ ՏԻՄ ընտրություններն Իջեւանում կանցկացվեն այլ կերպ՝ քաղաքական կուսակցությունների համար հայտարարված ավագանու ընտրություններով, եւ ըստ այդմ՝ քաղաքապետ կդառնա այն անձը, ով կզբաղեցնի հաղթող կուսակցության առաջին հորիզոնականը։ Ի դեպ, Փաշինյանը պատրաստվում է արագ կերպով անցկացնել Իջեւանի մասին օրենքը, եւ փետրվարին իր դեմքով, իր անմիջական մասնակցությամբ ընկնել գյուղ առ գյուղ՝ քարոզչություն իրականացնելու համար։ Հայրենի բնակավայրում վարչապետն անձամբ կտանի Հայկ Ղալումյանի ընտրարշավի ողջ բեռը, ինչպես որ դա արեց Երեւանում Հայկ Մարությանին քաղաքապետ դարձնելու համար։

Տրամաբանորեն՝ իշխանությունն այս մոտեցմանը գնալու մի քանի լուրջ պատճառ ունի՝ իշխանությունը չթուլացնելու համար ստիպված է վերակենդանացնել հեղափոխական էյֆորիան՝ սկսած հայրենի Իջեւանից, որտեղ ծառահատումների հայտնի օպերացիայից հետո ողջ Տավուշում ներքին լարվածությունը չի թուլացել մինչ օրս, մանավանդ, որ բախումների հետեւանքով կալանավորված 19 անձանց ազատ արձակումից հետո քրեական գործը չի կարճվել, քննությունն ընթանում է, զուգահեռաբար՝ խոշորացվում են համայնքները՝ դժվարացնելով տավուշցիների կյանքը։ Իշխանությունները կարծում են, որ այսկերպ կարող են շահել իջեւանցիների սիրտը, վերականգնել վստահությունը: Իսկ այս տրամադրությունների ֆոնին իշխանությունը սպասելու ժամանակ չունի, դիվիդենտներ են պետք։

Թերեւս, այդ պատճառով է վարչապետի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը տեղափոխվել Իջեւան, փողոցային լամպեր է փոխում, ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկն» է անձամբ վարում՝ ինչ-որ անհայտ բարերարի ֆինանսական միջոցներով (անհայտ է անունը, քանի որ, ըստ կարծիքների՝ իրականում պետական ռեսուրսներ են օգտագործվում)։ Կառավարությունն էլ հարկադրված եղավ օրենքի կոպիտ խախտումով երկու անգամ Իջեւանի քաղաքապետի ընտրությունների օր նշանակել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հետաձգումներով վերջնական օրը նախանշել է 2020 թ. մարտի 15-ը։

Հիշեցնենք, օգոստոսի 6-ին Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանն անսպասելի հրաժարականի դիմում ներկայացրեց: Հրաժարականից հետո Վ. Ղալումյանն այդպես էլ որեւէ պարզաբանում չտվեց, փոխարենը՝ մամուլում տեղեկություն հայտնվեց «հայտնի դրդապատճառի» մասին՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնում տեսնում է իր մանկության ընկերոջը՝ Հայկ Ղալումյանին, որի եղբորը՝ Վահե Ղալումյանին, մինչ այդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով դարձրել էր պատգամավոր։

Շատ չանցած «Հայէկոնոմբանկի» մարզային մասնաճյուղի կառավարիչ Հայկ Ղալումյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ