Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հետ:

Մտավախություն չի՞ առաջացնում Ալիեւի «նախազգուշացումը», թե Ադրբեջանն ունի իր տարածքային ամբողջականությունը ցանկացած միջոցով վերականգնելու իրավունք, իսկ սահմանային գծում տարատեսակ սցենարների հետեւանքները ոչ ոք չի կարող կանխատեսել: 

Այս կերպ, իհարկե, Ալիեւը շարունակում է հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից: Հակառակ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ու եռանախագահողների համատեղ հայտարարությունների, նույնիսկ այն փաստաթղթերի, որոնց տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է, եւ որոնցում արձանագրված է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով, Ադրբեջանի նախագահը շարունակում է պատերազմի քարոզը: Այս վտանգավոր քաղաքականությունը, կարծում եմ, ոչ միայն միջազգային հանրության մտավախությունը պետք է առաջացնի, այլեւ շատ արագ արձագանք պետք է ստանա:

Ալիեւն ի վերջո պետք է հասկանա, որ Արցախի ժողովրդի ինքնորոշումը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Իսկ Արցախի հակամարտությունը արագ կարող է կարգավորվել բացառապես երկու տարբերակով: 

Նախ. երբ Ադրբեջանը այնքան ողջախոհություն ունենա, որ բանակցություններ սկսի ԼՂՀ իշխանությունների հետ, ճանաչի ԼՂՀ-ի իրավական կարգավիճակը: Այս տարբերակը անխուսափելի է, եթե անգամ արագ չիրականացվի:

Իսկ եթե Ալիեւը բացառի ողջամտությունը եւ քաղաքական ավանտյուրա ձեռնարկի, պատերազմ սանձազերծի, ապա իրոք արագ լուծում կլինի, քանի որ այդ բախտախնդրությունն արագ կավարտվի ադրբեջանական բանակի կապիտուլյացիայով: Դրանից հետո Ալիեւը վերջնականապես կհամակերպվի մտքին, որ Ստեփանակերտում այլեւս կարող է ծածանվել միայն հայոց եռագույնը: 

Բայց Ալիեւը պահանջում է վերադարձնել ադրբեջանցի փախստականներին եւ հայկական զորքերը դուրս հանել «օկուպացված» տարածքներից:

Եթե Ալիեւի պահանջն օբյեկտիվ է, ապա ինքը անմիջապես պետք է հրամայի, որ ադրբեջանական զորքը դուրս գա իրոք օկուպացված բուն հայկական տարածքներից՝ Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսից: Եթե Ալիեւը խոսում է փախստականների մասին, ապա նախեւառաջ պետք է շեշտի, որ Ադրբեջանական ԽՍՀ քաղաքներում տեղի ունեցան պետականորեն ծրագրված ջարդեր, Գանձակից, Բաքվից, Սումգայիթից ավելի քան կես միլիոն հայ բռնի տեղահանվեց։ 

Ալիեւը նաեւ պետք է կարողանա ընկալել, որ ազգերի, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի, ինքնորոշվելու իրավունքը համամարդկային նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ ընդամենը սկզբունք, որը պետք է նպաստի անվիճարկելի իրավունքի իրագործմանը: Եթե աշխարհն առաջնորդվեր Ալիեւի տրամաբանությամբ, ապա աշխարհում նոր պետություններ չէին առաջանա:

Մինչդեռ հիմա ազգային ինքնորոշման իրավունքի հաղթարշավը շարունակվում է, իսկ Արցախի ժողովուրդն իր կամքով ու գործով կերտում է իր ապագան:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ