Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ուղիները բազմաթիվ են, անկանխատեսելիության գործոնն էլ բազմապատկում է տարբերակները, այնուհանդերձ, հիմնականը երեքն են` արտահերթ ընտրություններ, հրաժարական, նոր վարչապետի ընտրություն խորհրդարանում:

Շատերն են այսօր պնդում` 2020-ը կավարտենք առանց Նիկոլի: Ազնիվ լինենք եւ արձանագրենք. քանդվող երկիրը, մահ սփռող կորոնավիրուսը, քայքայվող հոգիներն ու տնտեսությունը երբեք ու երբեք պատճառ չեն լինելու Նիկոլի հեռացման: Հայաստանյան իշխանափոխության օրինաչափությունը եզակի պատճառ է ունեցել` Արցախյան հարց։ Սովետից անկախացանք Արցախով, Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանությունը տվեց Արցախով, Արցախի պատճառով տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը, Մարտի մեկը` նույնպես (երկար չբացատրեմ` պետք էր արյան մեջ թաթախել Սերժ Սարգսյանին, որպեսզի նրա վրա հնարավոր լիներ ճնշումներ գործադրել), թավշյա «հեղափոխությունը» նույնպես Արցախի պատճառով էր, որովհետեւ, եթե Սերժ Սարգսյանը համաձայներ Ղարաբաղի խնդրի առաջարկված «լուծմանը», կմնար վարչապետ:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում` իրեն բերել են Արցախի համար (ձրի պանիրն ու իշխանությունը թակարդում են լինում), իսկ Արցախ ասելով պետք է հասկանալ` կամ Ռուսաստանը վերջնականապես ոտքը պնդում է այս տարածաշրջանում` դառնալով միակ խաղացողը, կա՛մ ԱՄՆ-ը նրան դուրս է մղում տարածաշրջանից, Թուրքիային նշանակում արբիտր:

Ուր է հասել Փաշինյանը, որն արդեն կես տարի է դեֆակտո չունի իշխանություն. մեկընդմիշտ կորցրել է վերահսկողությունը բոլոր կարգի գործընթացների վրա։ Նրա միակ ռեսուրսը ռեպրեսիվ մեքենան կիրառելն էլ, ինչն այլեւս չի ստացվում, բայց քանի որ Արցախյան հարցում անորոշություն է, Փաշինյանն իներցիայով դեռ պտտվում է կրակե օղակում:

Ինչքան կարող է այս վիճակը շարունակվել: Համենայն դեպս, դատելով խորքային խաղացողների չերեւացող քայլերի կասկադից, երեւացողների վերադասավորումներից, կարելի է ասել` ամեն րոպե կարող է ֆորս-մաժոր լինել, եւ ներհայաստանյան խաղացողները փորձում են կորոնավիրուսի պայմաններում հնարավորինս պատրաստ լինել, որ Նիկոլը «չընկնի իրենց գլխին»:

Փակելով արցախյան թեման, ասենք, որ այն, ինչպես միշտ, կախված է Ռուսաստան-ԱՄՆ տանդեմի պայմանավորվածություններից, Ռուսաստանում այս պահին տեղի ունեցող զարգացումներից (շատերն են արդեն տեւական ժամանակ փորձում հասկանալ` ինչ տրանսֆորմացրայի է ենթարկվելու Ռուսաստանը կորոնավիրուսից հետո, նույնը պետք է ասել նաեւ ԱՄՆ-ի մասին, ուր Թրամփ-Օբամա-Բայդեն «ձեռնամարտը» բավականին հետաքրքիր տեսք է ստանում։ Կարծել, որ ամեն բան շատ արագ տեղի կունենա, բնականաբար, չարժե, սակայն Ռուսաստանում ընդունել են հեռահար քվեարկության նորմը, ինչը նշանակում է` Սահմանադրությունն առաջիկայում կդրվի քվեարկության, դա էլ իր հերթին նշանակելու է, որ Պուտինը կշարունակի պաշտոնավարել ու պաշտոնավարել, աշնանն էլ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են, այնպես որ, եթե ինչ-որ բան պետք է լինի, կլինի աշնանից ոչ շուտ:

Դառնալով Նիկոլի հեռացման երեք հիմնական «ուղիներին»` պետք չէ որեւէ մեկը ժխտել, բոլորն էլ կյանքի իրավունք ունեն, եւ սխալվում են նրանք, ովքեր պնդում են, թե Նիկոլը ոչ մի գնով հրաժարական չի տա, եւ առավել հավանական են մյուս երկու սցենարները` վարչապետի փոփոխություն, արտահերթ ընտրություններ:

Ինչպես տեսնում եք` վարչապետի միջանկյալ թեկնածուները` Էդմոն Մարուքյան, Տիգրան Ավինյան, Արթուր Վանեցյան (ասում են սորոսականներից էլ «ոմն» Արման Բաբաջանյան), «կապել են կարմիր գոտին, հագել կոշիկները»` կանգնել: Առաջիկայում կանդրադառնանք նրանց բոլորի «լուսավոր» ու «անլույս» կողմերին, որպես խաղացողներ, հաշվելու` սցենարի նման զարգացման դեպքում ով կդառնա «ջոկեր»:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, դա բարդ, սակայն առավել քաղաքական գործընթաց է, որովհետեւ հնարավոր չէ հին գինին նոր տիկերում լցնել, անմիջապես կպատռվի, ասել է` նոր վարչապետի ընտրությամբ «քայլոների» թիմը կմնա պառլամենտում, իսկ դա արդեն ոչ թե շախմատ, այլ «զիլինա» կլինի (արտահերթ խորհրդարանական ընտրությունների «լույս ու ստվերին» եւս առաջիկայում կանդրադառնանք):

Մինչ այդ արձանագրենք` չի բացառվում վերը նշված երեք սցենարների համակցումը. Նիկոլը հրաժարական է տալիս, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, որի առջեւ

պայման է դրվում` գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ