Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Այն, որ այս իշխանությունը վիճահարույց խնդիրների շուրջ որոշումներ կայացնելուց խուսափում է, նորություն չէ, հատկապես, երբ հարցը հասարակության շրջանում մեծ աղմուկ է առաջացնում։ Իշխանության գալու առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանը խուսափում է Ամուլսարի հետ կապված կառավարության վերջնական դիրքորոշումն արտահայտելուց։ Ավելին, նախորդ տարի փորձագիտական եզրակացության համար պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար, սակայն վերջնական կարծիք կառավարությունն այդպես էլ չի հնչեցնում։ ՈՒ սա այն դեպքում, որ բազմաթիվ մասնագետներ զգուշացնում են, թե ինչ վտանգներ կարող են լինել հանքի շահագործման պարագայում։ Դրան զուգահեռ, «Լիդիան Արմենիան» է սպառնում դիմել միջազգային դատարան եւ մեծ գումարներ պահանջել կառավարությունից, հանքի աշխատակիցներն էլ պահանջում են գործարկել այն։

Մի կողմից` բնապահպանական խնդիրները, մյուս կողմից` ներդրումային դաշտում հնարավոր կորուստները, հանքում աշխատող տեղի բնակիչների օր օրի վատթարացող սոցիալական վիճակը ժամ առաջ պահանջում են վճռական քայլեր, սակայն Փաշինյանը լռում է։ Անգամ շրջակա միջավայրի նախարարի նշանակման հարցում տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, Ամուլսարի խնդրից ինչպե՞ս գլուխ հանի։ Սա անկարողությու՞ն, անլրջությու՞ն, թե՞ կառավարման փորձի բացակայություն է։

Իսկ գուցե պատճառն այն է, որ ցանկացած որոշում ընդունելիս, Փաշինյանն առաջնորդվում է պոպուլիստական մոտեցմամբ, իբր, տեսեք-տեսեք՝ կառավարությունը ոչ մեկի շահերին չի ցանկանում «կպնել»։ Իսկ ինչ շահեցին Ամուլսարի շահագործմանը դեմ եւ կողմ մարդիկ։ Ոչինչ։ Դեմ արտահայտվողները զօրուգիշեր լարված պահնորդական ծառայություն են իրականացնում, երբեմն-երբեմն բախվում ոստիկանների հետ՝ պահանջելով կառավարությունից հարցի վերջնական լուծում, իսկ շահագործմանը կողմ բնակիչներն ու ընկերությունը մեծ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած, հանքում աշխատողների զգալի հատվածն արտագաղթել է, ընկերությունն էլ ամեն օր կռիվների մեջ է իր ներդրումը չկորցնելու համար։

Որքան երկարաձգվի այս վիճակը, այնքան մեծ են լինելու երկրի կորուստները, նույնիսկ հանքի շահագործմանը դեմ անհատներն են այս ամենից տուժում, որովհետեւ չգիտեն, թե հաջորդ պահին կառավարությունն ինչ որոշում կկայացնի, ու ինչպես են դրան դիմակայելու։ Տպավորություն է, որ Փաշինյանի կառավարությունն անհարկի ձգձգում է խնդիրը, որպեսզի ավելորդ լարվածությունից խուսափի՝ մոռանալով, որ դա նոր հակազդեցության եւ պոռթկման առիթ է դառնալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ