Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանցի զինծառայողները  Սյունիքում փակել են մեր ամենակարեւոր միջպետական ճանապարհը: Այդ առիթով վարչապետ Փաշինյանը խորհրդարանում նշեց, որ հարցի շուրջ գնում են բանակցություններ, բայց  դեպի Կապան սարերով կան այլ ճանապարհներ: Եվ այդ հպանցիկ անդրադարձից հետո քննարկումն ԱԺ-ում գնաց սովորական սցենարով՝ «բա որ ձեր ժամանակ այսինչը արեցիք կամ այնինչը չարեցիք»:

Ընդդիմությունն էլ կուլ է գնում այդ օրակարգին, եւ երկու կողմերն էլ շատ արագ շեղվեցին իրենց սիրած թեմաների վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ եթե անգամ 5, 10 կամ 20 տարվա իրադարձություններն են այսօրվա իրավիճակի պատճառը, դա չի չեղարկում այն փաստը, որ Հայաստանի միջպետական ճանապարհը վերահսկվում է հակառակորդի կողմից, ինչը, բնականաբար, լուրջ հարված է թե՛ մեր տնտեսությանը (չմոռանանք նաեւ, որ այդ ճանապարհով Հայաստանը կապվում է Իրանի հետ) եւ թե՛ այնտեղ ապրող մարդկանց շահերին: Դա նաեւ ապացույցն է այն իրողության,  որ Հայաստանի զինված ուժերը, որքան էլ բուռն բարեփոխումների շրջան ապրեն, որեւէ դիմադրություն ցույց չեն տալիս թշնամու ագրեսիվ գործողություններին: Բայց պետք է արձանագրենք նաեւ, որ այդ արտառոց իրավիճակը չի հուզում մեր քաղաքացիների մեծամասնությանը:

Օրինակ, Սյունիքի մարզի բնակիչները, որոնց կյանքը վտանգի տակ է եւ որոնք անմիջապես տուժում են ներքին շրջափակումից, չեն գալիս Երեւան կառավարության շենքի մոտ ու չեն պահանջում լուծել խնդիրը: Գուցե իրոք մտածում են, որ այստեղ մեղքն ամբողջությամբ «նախկին իշխանությանն» է: Գուցե վերջնականապես հիասթափվել են եւ կամաց-կամաց հավաքում են իրենց ճամպրուկները:

Թերեւս, ճիշտ էլ անում են, որ չեն բողոքում. թե չէ իշխանությունները կկասկածեն որեւէ համայնքապետի՝ ցույցը կազմակերպելու մեջ եւ նրա դեմ գործ կսարքեն: Եթե այդ մարդիկ (ասենք, Կապանի բնակիչները) չեն բողոքում, ապա մնացած զանգվածից դժվար է ակնկալել, որ նրանք շատ հուզվեն: Չեմ նկատել այդպիսի բան: Դրանից ես կարող եմ եզրակացնել, որ ավելի քան 600 հազար քաղաքացի, հունիսի 20-ին իրենց ընտրությունը կատարելով, իշխանությանը մանդատ է տվել նաեւ այդ միջպետական ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելու: Հենց այդ պատճառով է, որ ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ այլ հարթակներում այդ խնդիրը լրջորեն չի քննարկվում: Քաղաքացիներն իրենց ընտրությունը կատարել են:

Ի դեպ, ի՞նչ եղավ պաշտպանության նախարարը, որը հրամայել էր կրակել մեր սահմանն անցնող ադրբեջանցի զինծառայողների վրա:

Տպել
Ամենաշատ