Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին սպասվող արտահերթ նիստերից մեկում ՔՊ-ն կսղղացնի մի շարք աղմկահարույց նախագծեր, որոնց թվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 հազար դրամով եւ մեկ տոննայի համար սահմանել 9 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի տուրքը վերացնել:

Հիշեցնենք․ 2019 թվականին ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 հազար դրամ պետական տուրք: Պատճառն այն էր, որ 2018-ին իրանական ցեմենտի գնի կտրուկ նվազման հետեւանքով ներկրման ծավալները 2017-ի համեմատությամբ 3.5 անգամ աճել էին: Ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ էր առաջացրել, եւ փոփոխությունը տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով էր իրականացվում:

Համենայնդեպս, այդպես էին հայտարարում իշխանականները։ Հիշենք նաեւ, որ այդ նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ պետք չէ խրախուսել իրանական անորակ ցեմենտի ներկրումը եւ հարվածել տեղական արտադրողին, այսինքն՝ իրեն, քանի որ իրեն է պատկանում «Արարատ ցեմենտ» գործարանը՝ Հայաստանի ամենամեծ ցեմենտ արտադրողը։ Փաստացի ՔՊական պատգամավորների նախաձեռնությունը հարված է լինելու Գագիկ Ծառուկյանի բիզնեսին։

Թե ինչու է իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, գնում նման քայլի, եթե խորհրդարանական ընտրություններից հետո զրո ակտիվություն է դրսեւորում, դժվար է ասել։ Իհարկե, նախագծի հեղինակներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանը փորձում են իրենց քայլին զուտ տնտեսական հիմնավորում տալ, սակայն բոլորին է պարզ, որ ռազմավարական նշանակություն ունեցող այս ապրանքի հարցում պետության, այն է՝ իշխանության դիրքորոշումը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական բաղադրիչ ունի։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ երեք տարի առաջ ներմուծվող ցեմենտի տուրքի չափը հաշվարկվել էր այնպես, որ մի կողմից պետությունը պաշտպաներ տեղական արտադրողներին, մյուս կողմից պայմաններ ստեղծեր ցեմենտի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, եւ, ուրեմն, տուրքի նպատակը հավասարակշիռ վիճակ ստեղծելուն նպաստելն էր, որ տեղական ցեմենտը կարողանա մրցակցել ներմուծվողի հետ, սակայն չկլանելով շուկան եւ ներմուծումն ամբողջությամբ չարգելելով:

Սակայն այժմ գործող կարգավորումները, ըստ հեղինակների, չեն համապատասխանում առկա իրողություններին, քանի որ 2021-ի երկրորդ կիսամյակից սկսած՝ իրանական ցեմենտի եւ կլինկերի գինն Իրանում աճել է: Ցեմենտի տեղափոխման ծախսերն ավելացել են 2-2.5 հազար դրամով։ Իրանում սահմանվել է կլինկերի արտահանման տուրք՝ 1 կգ-ի համար՝ 3 դոլարի չափով:

«Ամփոփելով կարող ենք փաստել, որ տեղի է ունեցել պետտուրքի սահմանման հիմնական նպատակներից մեկից շեղում, որը տանում է շուկայի կենտրոնացման եւ ցեմենտի գնի աճի: Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է ցեմենտի մանրածախ եւ մեծածախ գնի աճ՝ 10-15 տոկոսով, իսկ տուրքի չափերը չվերանայելու դեպքում խորանում է ցեմենտի շուկայի հետագա գերկենտրոնացման ռիսկը:

Սա ոչ միայն թանկացնում է մասնավոր կառուցապատումը, այլեւ խնդիրներ է առաջացնում շինարարության ոլորտում արդեն իսկ կայացած պետական մրցույթների հետ կապված (երբ ցեմենտի եւ այլ շինանյութերի թանկացման հետեւանքով իրական ծախսերը շեղվում են նախահաշվային արժեքներից):

Բացի այդ, ցեմենտի տուրքի՝ արդյունավետից բարձր մակարդակն ավելացնում է պետական բյուջեի ծախսերը՝ շինարարության գծով, ինչը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով, որ այս տարվա բյուջեով նախատեսվում է իրականացնել աննախադեպ ծավալով՝ 350 մլրդ դրամի կապիտալ ծախսեր»,- նշվում է նախագծում: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել մայիսին, ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ առաջիկա օրերին, ըստ ամենայնի, կընդունվի խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ