Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով: Տեղեկացանք, որ պատգամավորներն արդեն ստացել են հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ:

Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաեւ բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է: Իսկ ովքե՞ր են այն պատգամավորները, որոնց նկատմամբ հանձնաժողովը վարույթ է հարուցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վարույթ է հարուցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ եւս մեկ ՔՊ-ական պատգամավորի նկատմամբ, որի վարույթը դեռեւս ընթացքի մեջ է, եւ առաջիկայում կներկայացնենք, թե ով է նա:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղամ Նազարյանը հաստատեց, որ ծանուցում ստացել է հանձնաժողովի կողմից՝ իր նկատմամբ հարուցված վարույթի մասով, եւ նշեց, որ դա թյուրիմացություն է եղել. ինքը կգնա վարույթի մասով նշանակված նիստին եւ կպարզաբանի ամեն ինչ: Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ծանուցումը ստացել են, եւ տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետեւանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 107 պատգամավորի հայտարարագրերը ուսումնասիրվում են, եւ չի բացառվում, որ ցանկը այսքանով չավարտվի, այլ պատգամավորների մասով եւս խախտումներ հայտնաբերվեն:

Իսկ ի՞նչ է սպասվում վարույթից հետո. հնարավորություն է ստեղծվում, որ պատգամավորը ներկայացնի իր պարզաբանումը, որից հետո հանձնաժողովը եզրակացություն է կազմում ու հաստատում, որ իսկապես խախտել է համատեղելիության օրենսդրական պահանջը, սահմանադրական պահանջը. դա կնշանակի, որ առնվազն պետք է զրկվի մանդատից, իսկ առավելագույն պարագայում կարող է հարուցվել նաեւ քրեական գործ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ