Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները բազմանիստ են եւ փոխլրացնեղ ու չեն սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով փոխգործակցությամբ: Այս մասին «Նովոյե վրեմյա» հայկական պարբերականի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Այս համատեքստում մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 29-ամյակի առաջիկա օրվան: 1992 թվականի ապրիլի 3-ին մեր երկրները նոր էջ բացեցին բազմադարյա բարեկամական փոխշահավետ կապերի պատմության մեջ:
Այդ տարիների ընթացքում ռուս-հայկական համագործակցությունը ձեռք է բերել իրապես դաշնակցային բնույթ, առանձնանում է քաղաքական երկխոսության բարձր ինտենսիվությամբ, փոխադարձ կոոպերացիայի ոլորտների լայն լրակազմով եւ պայմանագրային-իրավական ճյուղավորված բազայով: Կարեւոր դեր է խաղում 1997 թվականի օգոստոսի 29-ին կնքված Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը, որի համաձայն`Ռուսաստանը եւ Հայաստանը պարտավորվում են միմյանց տրամադրել անհրաժեշտ օգնություն, այդ թվում` ռազմական, ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ նրանցից մեկի վրա զինված հարձակման դեպքում կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունքի իրացման կարգով: Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդական ջանքերի եւ նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ հաջողվեց դադարեցնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 44-օրյա զինված դիմակայությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունվեց երեք պետությունների ղեկավարների հայտարարությունը, որը հնարավորություն տվեց դադարեցնել արյունահեղությունը եւ սկսել շարժվել դեպի խաղաղություն»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը եւ հումանիտար արձագանքման կենտրոնը անվտանգության ու կայունության երաշխավորներն են եւ իրականացնում են տեղի բնակչության համար կենսական նշանակություն ունեցող առաջադրանքներ: Ռուսաստանի Դաշնության կողմից Լեռնային Ղարաբաղում տուժածներին աջակցելու ուղղակի ֆինանսական օգնությունը ներկայումս կազմում է շուրջ 15 միլիոն դոլար. «Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների նախագահությամբ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ակտիվ աշխատանքի արդյունքում (կայացել է 5 նիստ) պայմաններ են ստեղծվում վերականգնելու Հարավային Կովկասում բնականոն կյանքը՝ այն վերածելով փոխադարձ վստահության, անվտանգության եւ բարգավաճման տարածքի: Այս ամենը համոզիչ կերպով վկայում է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին եւ միասին աշխատել՝ ի բարօրություն ընդհանուր շահերի»:

















