Լեռնային Ղարաբաղում հայկական ծագումով ռուս նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ադրբեջանական կողմի քանդումը ափսոսանքի և խորը մերժման առիթ է։ ТАСС-ին նման հայտարարոթյուն է արել ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
«Ղարաբաղում ադրբեջանական կողմի աշխարհահռչակ ռուս նկարիչ Այվազովսկու հուշարձանը ապամոնտաժելու գործողությունները ցավալի են և խորապես անընդունելի», - ասաց նա։
«Ես նույն զգացողություններն ունեցա այն ժամանակ, երբ տեսա ադրբեջանական մշակույթի ականավոր գործիչների հուշարձանների պղծումը Ղարաբաղում։ Եվ ես դա նույնպես չեմ թաքցնում»,- հավելել է Շվիդկոյը։
Միաժամանակ, ինչ-ինչ պատճառներով նա մոռացել է նշել, թե ինչպիսի զգացմունքներ է իր մեջ առաջացնում Արցախում հայկական մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացումը։
Շվիդկոյը հիշեցրել է, որ Այվազովսկու հուշարձանը տեղադրվել է 2021 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում այդ ժամանակ տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի մասնակցությամբ։ «Ռուս խաղաղապահները տարածաշրջանում էին ըստ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Ռուս քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ Ս.Ա. Շչերբակովայի կերտած այս հուշարձանը քանդելու ծրագրերի մասին ռուսական կողմը ոչ մի կերպ տեղեկացված չէր », - նշել է նա։
Ըստ Շվիդկոյի՝ եթե Այվազովսկու հուշարձանը որևէ պատճառով չբավարարեր ադրբեջանական կողմին, Բաքուն կարող էր Մոսկվային տեղեկացնել այն ապամոնտաժելու իր մտադրության մասին։
«Հարցը, վստահ եմ, կլուծվեր քաղաքակիրթ ձևով, օրինակ՝ այն ռուսական հող տեղափոխելով։ Փոխարենը, դա ցուցադրական, անբարյացակամ գործողություն է ընդդեմ Ռուսաստանի»,- նշել է նա։
«Ես վաղեմի բարեկամական հարաբերություններ ունեմ Ադրբեջանի, նրա ժողովրդի և մշակույթի գործիչների հետ։ Ավելի տխուր է, որ հենց ես եմ, որ ստիպված եմ կոչ անել խոհեմության և դադարեցնել «հուշարձանների դեմ պատերազմը», ռուսական մշակույթի «չեղարկումը»։ Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշինքի, գործընկերության և բարիդրացիության ոգուն,- եզրափակել է Շվիդկոյը։ - Եվ պարզապես առողջ բանականություն»։

















