Լիբիայի իշխանություններն իրենք կդատեն երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ Իսլամին, չնայած Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)` նրան Հաագային հանձնելու պահանջին:
Այսպիսին է եղել Լիբիայի պատասխանը ՄՔԴ-ի` Սեյֆ ալ Իսլամին անհապաղ Հաագային հանձնելու պահանջին, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:
Ապրիլի 4-ին հրապարակված ՄՔԴ-ի նամակում դատավորները մերժել են Լիբիայի խնդրանքը Քադաֆիի որդու հանձնումը հետաձգելու վերաբերյալ եւ լիբիական իշխանություններից պահանջել են անհապաղ ուղարկել նրան: Human Rights Watch կազմակերպությունը Լիբիային կոչ է արել ենթարկվել դատարանի որոշմանը:
Մոտ ժամանակներս Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին, որը կալանքի մեջ գտնվում է Զինթան քաղաքում, կտեղափոխվի Տրիպոլիի` հատուկ իր համար նախատեսված բանտ:
Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչ Նասեր ալ Մանին հայտարարել է, որ բանտը պատրաստ է դատի համար, եւ այն շուտով կկայանա:
Դրանով նա հասկացրել է, որ Լիբիայի նոր իշխանությունները մտադիր չեն կատարել Քադաֆիի որդուն հանձնելու ՄՔԴ-ի պահանջը:
Քադաֆիի որդին ձերբակալվել է 2011թ. նոյեմբերին Լիբիայի հարավում, այսպես կոչված` զինթանյան զինված ջոկատի կողմից:Հաագայի Միջազգային քրեական դատարանը Սեյֆ ալ Իսլամին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ, որոնք իրագործվել են Քադաֆիի վարչակարգի կողմից նախորդ տարվա փետրվարին` Լիբիայի ժողովրդական ապստամբությունը ճնշելու ընթացքում:




























