Մալիի տուարեգները հաղորդել են ռազմական գործողությունների դադարեցման մասին: 

 «Ազգային շարժում հանուն Ազավադի ազատագրման» կազմակերպության հայտարարությունում ասվում է, որ նրանք հասել են գլխավոր նպատակին` ազատագրել են Ազավադի շրջանը (Մալիի հյուսիս): Ռազմական գործողությունների ավարտի ամսաթիվ է նշված 2012թ. ապրիլի 5-ը: Շարժումը կոչ է արել  պաշտպանել Ազավադը Մալիի հարձակումներից:

Միաժամանակ Մալիի հյուսիսի Թիմբուքթու քաղաքի տեղական իշխանությունները հաղորդել են, որ տուարեգների շարժման իսլամիստական թեւի առաջնորդը ապրիլի 4-ին հավաքել է  Թիմբուքթուի բոլոր իմամներին եւ  հայտարարել շարիաթի օրենքների ներմուծման մասին: Կանայք այժմ փարաջա կհագնեն, գողության համար ձեռքը կկտրեն, իսկ ամուսնական դավաճանության դեպքում մահացու քարկոծում է սպասվում:

Թիմբուքթուի քաղաքապետ Ուսման Խալը հայտարարել է. «Երբ զինված մարդը հրամայում է, դուք կատարում եք պահանջը, չլսել չի կարելի: Բայց քաղաքն անհանգիստ կլինի: Մեր կանայք սովոր չեն փարաջա հագնելուն»:

Քաղաքում բնակվող 300 քրիստոնյաների մեծամասնությունը լքել է Թիմբուքթուն` սեպարատիստների կողմից այն գրավվելուց հետո, հաղորդում է rbc-ն:

Համարվում է, որ տուարեգների սեպարատիստական շարժման իսլամական թեւը, որը հայտնի է որպես «Անսար Դին», կապ ունի «Ալ Կաիդայի» հետ:

Հիշեցնենք, մարտի  22-ին Մալիում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել: Զինյալների առաջնորդ Ամադու Սանագոն հայտարարել է, որ դրա նպատակը տուարեգների սեպարատիստական շարժմանը դիմակայելն ու տարածքային ամբողջականությունը պահպանելն է: Տուարեգների ցեղերը հարձակումն սկսել են 2012թ.  հունվարին: Նրանք ցանկանում են Մալիի հյուսիսում  անկախ պետություն հիմնել: