ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ի պատասխան Քալիֆորնիայի կոնգրեսական-դեմոկրատ Հովարդ Բերմանի գրավոր դիմումի անհամապատասխան եւ անարժան գովասանք է շռայլել Թուրքիային` յուրացրած կրոնական գույքի մի փոքր մասը վերադարձնելու համար: Սակայն Քլինթոնը վճռականություն է հայտնել ճնշում գործադրել Անկարայի վրա` մնացած մասը եւս օրինական տերերին` կրոնական փոքրամասնություններին վերադարձնելու համար: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրությունում (ANCA):
«Իր հերթին սենատոր Բերմանը Քլինթոնին ուղղված գրավոր դիմումում հարցրել է, թե արդյոք նա բավարարվա՞ծ է եկեղեցիներից բռնագրավված գույքը վերադարձնելու Թուրքիայի պարտականությամբ եւ հայ ու քրիստոնյա այլ խմբերի նկատմամբ հարգանքով, որոնք այդ հողերում ապրում են բիբլիական ժամանակներից»: «Պատասխանում Քլինթոնը չափազանցրել է Թուրքիայի իրական գործողությունները եւ գովեստի անհիմն խոսքեր է շռայլել Անկարայի մտադրությունների կապակցությամբ:
Նույնիսկ եթե պահանջները լիովին բավարարվեն, գույքը կվերադարձվի 5%-ից էլ նվազ չափով: Այնուամենայնիվ, N306 բանաձեւի եւ Սենատի N392 համանման բանաձեւերին համապատասխան, Քլինթոնը խոստացել է, որ Պետդեպարտամենտը «Թուրքիային կառաջարկի լինել զգոն իրավիճակի նկատմամբ եւ կողջունի երկրի համար անհրաժեշտ բարեփոխումները», –ասվում է հաղորդագրությունում:
«Մենք միանում ենք Քալիֆորնիայի եւ ամբողջ ԱՄՆ-ի հայկական ծագմամբ ամերիկացիներին եւ շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Բերմանին պետքարտուղար Քլինթոնի առաջ նման կարեւոր հարցեր բարձրացնելու համար», – հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը: «Թեպետ մենք, բնականաբար, գնահատում ենք, որ պետքարտուղար Քլինթոնը համաձայն N306 բանաձեւի ոգու եւ տառի` հայտարարել էր ԱՄՆ-ի մտադրությունների մասին, մեզ մտահոգում է Անկարային անարդարացի գովաբանելն ի պատասխան դեռեւս չիրականացված խոստումների:
Նման խորհրդանշական քայլերը խոսում են պետդեպարտամենտի ոչ բավարար լրջության մասին հայոց, հունաց, ասորացիների, պոնտացիների, արամեացիների եւ այլոց ցեղասպանության հանցագործության հետեւանքների լրիվ մարման վերաբերյալ», - ասվում է հայտարարության մեջ:
Քլինթոնին ուղղված երրորդ հարցում սենատոր Բերմանը խնդրել է հայտնել վերջին տարիներին ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին: «Հ. Քլինթոնը բացահայտ լավատեսական հայացք է առաջարկել տնտեսական հարցերով Հայամերիկյան համատեղ աշխատանքային խմբի աշխատանքին (USATF): Նրա պատասխանում չի խոսվել վերջին երեք տարիների ընթացքում առեւտրի ընդլայնման եւ ներդրումների ոլորտում իրական առաջընթացի պակասի, առեւտրային եւ ներդրումային կարգով համաձայնության բանակցությունների, երկակի հարկատվության բացառման եւ այլ երկկողմ համաձայնությունների, կոմերցիոն ծրագրերի եւ առեւտրային նախաձեռնությունների մասին: Նրա կողմից անվանված մասնավոր նախագծերից մեկը եղել է ԱՄՆ-ի հովանավորական աջակցությունը Ամերիկայում հայկական առեւտրային ներկայացուցչությանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում», - նշվում է ANCA-ի հաղորդագրության մեջ:




























