Ճապոնիան ամբողջովին ավարտել է ՀՀՊ համակարգի տեղակայումը Օկինավայի հարավային նահանգում` պատրաստվելով հաջորդ շաբաթ օրը կայանալիք ԿԺԴՀ-ի հրթիռակրի մեկնարկին: Այդ մասին հայտարարել են երկրի պաշտպանության նախարարությունում:
Ընդհանուր առմամբ, Patriot PAC-3 հակահրթիռային պաշտպանության 4 համակարգեր են տեղակայվել Նահա քաղաքում, Նանձյո քաղաքի ռազմակայանում, ինչպես նաեւ Միյակո եւ Իսիհակի կղզիներում: Ինչպես ենթադրվում է, հենց նրանց վրայով է անցնելու հյուսիսկորեական հրթիռի ուղին, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Ցամաքային ՀՀՊ համակարգին զուգահեռ Ճապոնիայում կօգտագործվեն երեք կործանիչներ`«Կիրիսիմա», «Մյոկո» եւ «Տյոկայ»` հագեցած հետեւելու բազմաթիրախ համակարգով եւ մեծ հեռավորության SM-3 Aegis եւ զենիթային հրթիռներով, որոնք ընդունակ են կործանել հյուսիսկորեական հրթիռը, եթե այն կորցնի արագությունը կամ շեղվի ուղղությունից: Դրանք կտեղակայվեն Ճապոնական եւ Արեւմտյան եւ Չինական ծովերում:
Փհենյանը հայտարարել էր, որ դրա մեկնարկը տեղի կունենա ապրիլի 12-16-ի ժամանակահատվածում` ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի պատվին:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նաոկի Տանական արդեն հրաման է տվել զինված ուժերին խփել հյուսիսկորեական հրթիռը, եթե այն կամ նրա բեկորները վտանգ կներկայացնեն երկրի տարածքի համար:




























