Լիտվայի դիրքորոշումը հստակ է եւ անփոփոխ. մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը: Այդ մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին Երեւանում:
Լիտվացի նախարարի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների մշակած առաջարկներն արժանի են բարձր գնահատականի: «Նախագիծն իրոք շատ լավն է, եւ դրան պետք է աջակցել: Մյուս կողմից, մենք աջակցում ենք խնդրի լուծմանը Միավորված ազգերի կանոնադրության եւ Հելսինկյան ամփոփիչ ակտի շրջանակում: Ահա, հավանաբար` վերջ», - նշել է Աժուբալիսը:
Պատասխանելով Ադրբեջանից հնչող ռազմատենչ եւ ռասիստական բնույթի հայտարարությունների մասին հարցին` Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել է. «Ելնելով սեփական փորձից` կարող եմ ասել, որ, ընդհանրապես, բանակցություններում, պայմանագրերում, երկրների միջեւ հարաբերություններում ցանկացած էպիտետները չեն նպաստում հարցերի լուծման առաջընթացի համար աշխատանքային մթնոլորտի ձեւավորմանը»: Նրա խոսքով` գործընթացի առաջխաղացման համար ամենակարեւորը քաղաքական կամք ունենալն է: «Եթե կողմերը քաղաքական կամք չունենան, կամ կողմերից մեկի դեպքում այն ավելի քիչ լինի, հնարավոր չի լինի գործընթացը տեղից շարժել», - նշել է Աժուբալիսը:
Որպես քաղաքական կամքի օրինակ նա հիշեցրել է, որ նախորդ տարի նորացվել է Մերձդնեստրյան կարգավորման գործընթացը: «Մեզ հաջողվել է կենտրոնացնել բոլոր մասնակիցների քաղաքական կամքը եւ նորացնել պաշտոնական բանակցությունները: Բայց դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բոլոր մասնակիցները հասկացել են, որ գլխավորը ոչ թե էպիտետներն են, ոչ թե այն է, թե ինչպես կանվանես դիմացինին, այլ այն, թե որքանով են կառուցողական մոտենում խնդրի լուծմանը», - ամփոփել է նախարարը:




























