Տրիպոլիի ռազմական դատարանում, ապրիլի 4-ին, կայացել է 20 ուկրաինացիների գործով առաջին դատական նիստը, ովքեր 2011-ի օգոստոսին ձերբակալվել են Մուամար Քադաֆիի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու կասկածանքով:
Ինչպես հաղորդել է Ուկրաինայի մամուլի քարտուղար Ալեքսանդր Դիկուսարովը, նրանց մեղադրանք է առաջադրվել ռազմական տեխնիկայի վերանորոգմամբ զբաղվելու համար: ՈՒկրաինացիներն իրենց հասցեագրվող մեղքը չեն ընդունել եւ հայտարարել են, որ Լիբիա են ժամանել նավթային օբյեկտների սպասարկման նպատակով, հաղորդում է «Պոդրոբնոստին»:
ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 9-ին:
2011 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ Լիբիայում 20 ուկրաինացիների (քաղաքացիական մասնագետներ) ձերբակալման մասին: Նրանք եկել էին աշխատելու Լիբիայի նավթային արդյունաբերության օբյեկտներում: Ավելի քան կես տարի լիբիացի ապստամբները ուկրաինացիներին պահել են անազատության մեջ, թեեւ նրանց մեղքը չի ապացուցվել:
Արդեն 2012-ի մարտին Ուկրաինայի 3 քաղաքացիներ ուկրաինացի դիվանագետների ջանքերով ազատ են արձակվել լիբիական գերությունից եւ վերադարձել հայրենիք, մյուսները դեռ կալանքի տակ են:




























