Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպան Բահման Հուսեյինփուրին եւ նրանից բացատրություն պահանջել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի կտրուկ հայտարարությունների վերաբերյալ` Ստամբուլում կայացած «Սիրիայի բարեկամների» խմբի կոնֆերանսի առնչությամբ:

Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Լարիջանը սուր քննադատությամբ հարձակվել է «Սիրիայի ընկերների խմբի» վրա ` նրան անվանելով այդ երկրի «թշնամիների խումբ»: «Եթե դուք այդպես հոգ եք տանում տարածաշրջանում ժողովրդավարության մասին, ապա ինչու եք լռում Բահրեյնում եւ այլ երկրներում բռնապետության վերաբերյալ», – զայրացել է խորհրդարանի խոսնակը:

Սիրիայի հարցով տարակարծությունները եւ Լարիջանիի արտահայտությունները կարող են ազդել Ստամբուլում միջազգային «վեցյակի» միջնորդների եւ Իրանի միջուկային ծրագրի հարցերով բանակցությունների նոր փուլի հեռանկարների վրա:

Հիշեցնենք, որ Իրանը համաձայնություն է տվել «վեցյակի» հետ ապրիլի 13-ին հանդիպում անցկացնելուն: Սակայն հանդիպման վայրը դեռեւս պաշտոնապես չի որոշվել, քանի որ Իրանը չի համաձայնվում Ստամբուլում հանդիպում անցկացնելուն, ինչպես որ նախատեսվել էր նախկինում: Ինչպես հայտարարել էր Իրանի քաղաքական նպատահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզային, Թեհրանը կգերադասեր բանակցությունների անցկացման վայր ընտրել Բաղդադը, Բեյրութը կամ Դամասկոսը:

Նա բացատրել է, որ դա կապված է այն բանի հետ, որ «թուրքական ընկերները ի վիճակի չեն եղել որոշ պայմանավորվածություններ իրականացնել», այդ պատճառով էլ «ավելի լավ կլիներ, որպեսզի Իրանի եւ «վեցյակի» միջեւ բանակցություններն անցկացվեին բարեկամ այլ երկրում»:

Ըստ դիտորդների` Թուրքիայում բանակցությունների անցկացման մերժումը կապված է այն բանի հետ, որ Անկարան համաձայնել է կատարել Վաշինգթոնի պահանջները իրանական նավթի ներկրման ծավալների կրճատման վերաբերյալ, ինչպես որ դա ենթադրում են ավելի վաղ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի` Իրանի նկատմամբ ընդունած պատժամիջոցները: