Թիվ 2 ընտրատարածքում հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Սամվել Ֆարմանյանի դիմումը, ընդդիմության թեկնածուի դեմ, մերժվել է: Ֆարմանյանը բողոք էր ներկայացրել ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի դեմ` պատճառաբանելով, թե նա խախտում է Ընտրական օրենսգիրքը` քարոզչական նյութեր տարածելով:
Թիվ 2 ԸԸՀ նախագահ Գուրգեն Խաչատրյանը NEWS.am-ին հայտնեց, որ դիմումը մերժվել է Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասով «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»:
«Նախ հստակ չէր` դա քարոզչություն է, թե` ոչ: Բուկլետը չէր կարելի ակնհայտ քարոզչամիջոց դիտարկել: Նույնիսկ եթե դիտարկվեր, դա չի նշանակում, որ սահմանված ժամկետից դուրս չի կարելի քարոզչություն անել»,- նշեց Գուրգեն Խաչատրյանը:
Ինչպես ավելի վաղ նշվել էր մամուլում, Սամվել ֆարմանյանը դիմել է թիվ 2 ԸԸՀ-ին եւ նշել, թե իր մրցակիցն արդեն սկսել է քարոզչական բնույթի նյութերի տարածումը` խախտելով Ընտրական օրենսգիրքը:




























