Իրանն ունի մոտավորապես 80 կգ մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության զեկույցում, որը պատրաստվել է ԱՄՆ Կոնգրեսի համար:
Միաժամանակ, միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ է 250 կգ հարստացված ուրան, գրում է Jerusalem Post-ը:
ԿՀՎ-ի զեկույցում ասվում է, որ Իրանը 2011 թվականին շարունակել է ընդլայնել միջուկային ենթակառուցվածքները եւ ակտիվացնել ուրանի հարսացման գործընթացը, հաղորդում է «Ռոսբալտը»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին հաստատել է, որ Իրանի ատոմագետները Նաթանզեի ձեռնարկությունում 90-100 կգ ուրան են հարստացրել մինչեւ 20 տոկոս:
Իրանական ատոմային օբյեկտների ստուգումների ժամանակ, Ատոմային էներգիայի միջուկային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչները ուրանի պակաս են հայտնաբերել, ընդ որում, իրանական կողմը չի կարողացել որեւէ կերպ պարզաբանել կորուստը:
ԱԷՄԳ-ի փորձագետները կարծում են, որ կորած ուրանը կարող է օգտագործվել որպես փորձարկման նյութ` միջուկային զենք ստեղծելու համար:




























