Յակուտյան որսորդները քարանձավում գտել են շիկամորթ մամոնտիկի հոյակապ պահպանված մարմին: Փոքրիկը 10 հազար տարի անց հիանալի պահպանվել էր մշտական սառույցներում: Գիտնականներին նույնիսկ հաջողվել է վերականգնել մամոնտիկի սպանության պատկերը, որին անվանել են Յուկկա:
Երբ որսորդները գիտնականներին են փոխանցել իրենց գտածոն, նրանք հիացած էին: «Նա նման չէ 10 հազար տարի առաջ մահացած կենդանու: Նա համարյա ողջ է թվում: Դա պատմական պահ է», - նշել է Բիրմինհեմյան համալսարանի անատոմ Էլիս Ռոբերթսը, գրում է LiveScience-ը:
Շնորհիվ մշտական սառցաշերտի` մարմնի վրա պահպանվել են մորթին, կրունկները, աչքերը եւ ներքին օրգանները: Ուսումնասիրողները խոստովանել են, որ առաջին անգամ են տեսնում շիկամորթ մամոնտի:
Ամենահետաքրքիր բացահայտումն այն էր, որ փոքրիկ մամոնտի ողնաշարը, գանգը, կողոսկրերը հեռացված են եղել: Ընդ որում` գանգը կմախքից ոչ հեռու է ընկած եղել: Գլխից դեպի մեջքի կենտրոն եղել է կտրվածք, որը պարզունակ գործիքով արել են քարանձավային մարդիկ:
Ինչպես նշում են հետազոտողները, թեպետ մամոնտների որսը հանդիպում է այն ժամանակվա ժայռաբեկորային նկարներում, սակայն առաջին անգամ ստացվել է այն բանի ապացույցը, որ մարդիկ իսկապես այն օրերում այդ կենդանիների որսով են զբաղվել, երբ սառույցը 40%-ով պատել է հյուսիսային կիսագունդը:
Մամոնտիկի վրա հարձակվել է գազան, ամենայն հավանականությամբ` առյուծ, որից փախչելիս Յուկկան կոտրել է ոտքը, ինչի ադյունքում էլ դարձել է մարդկանց զոհը: Նրանք բաժանել են մարմինը, հեռացնելով այն մասերը, որոնք կարողացել են միանգամից ուտել: Մնացած մասը նրանք պահել էին հետագայի համար, սակայն այդպես էլ չէին օգտագործել այն:




























