ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի հարցով Անանի պլանին աջակցելու վերաբերյալ իր նոր հայտարարությունը: Դիվանագետների խոսքով, պատրաստված տեքստը առարկությունների չի հանդիպել ՄԱԿ-ի ԱԽ-ում:

Սիրիայի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կընդունվի այսօր` ավելի ուշ, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով Reuters-ը:

Հայտարարությունում Սիրիայի իշխանություններին ուղղված ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ կա, մինչեւ ապրիլի 10-ը:

Դրանից հետո 48 ժամվա ընթացքում ընդդիմությունը պետք է վայր դնի զենքը: Այսպիսով, ՄԱԿ-ը հույս ունի, որ Սիրիայում բռնությունները կդադարեն ապրիլի 12-ին:

Նախորդ ամիս ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանություն էր տվել Սիրիայի խնդրով Քոֆի Անանի պլանին, որը կազմված է 6 կետից: Սիրիայի կառավարական զորքերն արդեն սկսել են դուրս բերվել երկրի մի քանի քաղաքներից: