Կալանավորվել է Կաչալովի շուկայում գտնվող այն շենքի տերը, որտեղ հրդեհվել էին 17 ներգաղթյալներ: Մոսկվայի դատարանը հավանություն է տվել Վլադիմիր Լիկովի ձերբակալությանը մինչեւ հունիսի 3-ը:
Նախնական տեղեկություններով, հրդեհի պատճառ կարող էր դառնալ տաքացնող սարքի անսարքությունը կամ դրա կիրառման ժամանակ տեղի ունեցած սխալները: Ենթադրվում է, որ որոշ տաքացուցիչների վրա աշխատողները հագուստ էին չորացնում:
Դատական նիստի ընթացքում Լիկովը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքն այդ ողբերգությունում եւ չի պատրաստվում թաքնվել քննությունից: Նրա խոսքով, ինքը չգիտեր այն մասին, որ պահեստում մարդիկ էին ապրում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, ապրիլի 3-ի երեկոյան ողբերգական միջադեպից հետո, շինարարական շուկայում ձերբակալվել է հրդեհված շենքի տերը` Վլադիմիր Լիկովը: Նույն օրը ոստիկանությունը ձերբակալել է հրդեհված շենքի վարձակալին` «Ալբասեթ» ընկերության սեփականատեր Սեդրակ Ստեփանյանին:



























