Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ապրիլի 5-7-ը Երեւանում անցկացվող Մոսկվայի օրերի շրջանակում Երեւանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ լողմերը քննարկել են նաեւ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ գործընկերության 2012-2014թթ. ծրագրի որոշ դրույթներ եւ, հաշվի առնելով, որ ծրագիրն ըստ էության արդեն պատրաստ է, պայմանավորվել են այն վավերացնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ։ Ողջունելով հյուրերին, քաղաքապետը նախ նկատել է, որ Երեւանում Մոսկվայի օրերի անցկացումը մեկ անգամ եւս փաստում է երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված հարաբերությունների բարձր մակարդակը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սերգեյ Չերյոմինը նախ քաղաքապետին է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի ջերմ ողջյուններն ու նրա անունից Տարոն Մարգարյանին Մոսկվա այցելելու պաշտոնական հրավերը: Սերգեյ Չերյոմինը վստահեցրել է, որ Երեւանի հետ հարաբերությունները Մոսկվայի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է եւ ընդգծելով երկարամյա արդյունավետ համագործակցության փաստը, մոսկովյան պատվիրակության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այն էլ ավելի ընդլայնվելու եւ զարգանալու ներուժ ունի.
«Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Դա նպաստել է, որ մենք այսօր ունենանք ոչ միայն գործընկերային, այլ նաեւ ջերմ բարեկամանական հարաբերություններ: Արդյունավետ գնահատելով անցած ժամանակահատվածում համատեղ իրականացված ծրագրերը եւ հաշվի առնելով, որ քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Մոսկվան այսօր կիրառում է ժամանակակից տեխնոլոգիական նոր մոտեցումներ, մենք պատրաստ ենք համագործակցության շրջանակում Երեւանի հետ կիսել մեր փորձը: Վստահ եմ, սա նոր լիցք կհաղորդի գործընկերային մեր հարաբերություններին»,-նշել է Սերգեյ Չերյոմինը:




























