Հարավաֆրիկյան Մալավի պետության 78-ամյա նախագահ Բինգու Վա Մուտարիկան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: AFP-ի տեղեկատվությամբ, նա սրտի տագնապ է ունեցել եւ կորցրել գիտակցությունը: Վա Մուտարիկան երկրորդ ժամկետով նախագահ է ընտրվել 2009 թվականի մայիսին:

Վերլուծաբանները հիշեցնում են, որ նրա կառավարման տարիներին Մալավիում երեք տարի անընդմեջ ՀՆԱ-ի մինչեւ 7 տոկոսանոց աճ է արձանագրվում: Հեղինակավոր Economist Intelligence Unit գործակալության տվյալներով, Մալավին 2009 թվականին աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցրել տնտեսական զարգացման տեմպով, զիջելով միայն Քաթարին:

Սակայն արդեն 2011 թվականի հուլիսին երկրում անկարգություններ սկսվեցին: Ցուցարարներին ցրելու համար իշխանությունները դիմեցին բանակի օգնությանը: Մի քանի օր տեւող անկարգությունների ժամանակ 20 մարդ սպանվեց, հիշեցնում է «ՌԻԱ նովոստին»:

Լրատվամիջոցներում Վա Մուտարիկան հայտնի դարձավ 2005-ի գարնանը, երբ նա խուճապահար փախել էր նախագահական շքեղ պալատից, հրապարակավ հայտարարելով, որ շենքում ուրվականներ կան:

Դրանից հետո նա ուրվականների դեմ պայքարելու համար մոբիլիզացրեց երկրի բոլոր կրոնների հոգեւորականներին: